«Մեր տղաները Ադրբեջանո՞ւմ էին ծառայում, թե՞ հայկական Արցախում»․ զոհված զինծառայողի հոր հարցը Փաշինյանին
Այսօր տեղի ունեցած ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղղել 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հայրը՝ Աշոտ Զաքարյանը։ Նա հարցրել էր, թե «ե՞րբ, ո՞ր պահին, ո՞ր իրադարձությունից հետո հասկացաք, որ Արցախն Ադրբեջան է, ինչո՞ւ էիք 2019-ի օգոստոսի 5-ին հայտարարում՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Մեր տղաները Ադրբեջանո՞ւմ էին ծառայում, թե՞ հայկական Արցախում»։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այդ հարցը՝ կապված տղաների ծառայության հետ, քննարկվել է նաև աշխատանքային հանդիպումների ընթացքում․ «Պիտի նաև արձանագրեմ, որ այդ որոշումը՝ տղաների որտեղ ծառայելու վերաբերյալ, դժբախտաբար, թե բարեբախտաբար՝ ես չեմ կայացրել»։
Այնուհետև նա նշեց․ «Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետ կապված խնդրին, նախ, ՀՀ-ն միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց միշտ չէ, որ դա հայտարարվել ու արձանագրվել է։ Նախկինում էլ ցավով արձանագրել եմ և արձանագրում եմ, որ, ըստ էության, աշխարհում չկա և չի էլ եղել մի երկիր, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս։ Այլ բան, որ մենք այս իրողության հետ առերեսվել ենք, թե չէ, ր ո՞րն է եղել մեր դիրքորոշումը։
Մենք ասել ենք՝ կապ չունի, որ ամբողջ աշխարհն այլ կերպ է ընկալում, մենք պետք է այլ կերպ վարվենք։ Ինչ-որ փուլում ես էլ եմ գուցե այդպես արել, բայց ի վերջո իրականությունը և իրողությունները մեզ դնում են կոնկրետ իրավիճակի և կոնկրետ ընտրության առջ։ Մեր խնդիրը նաև այն է, որ մենք փորձենք ամեն ինչ անել, որպեսզի ապագայում մեր հարգարժան զինվորի հարգարժան ծնողի կողմից այդպիսի հարցերի չարժանանանք»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպման ֆորմատում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։
«2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ նախագահի ներկայությամբ պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29․8 հազար քկմ և 86․6 հազար քկմ տարածքով։
«Եթե հարցն այն է, թե ինչո՞ւ եմ ես համաձայնել նման պայմանավորվածության, ըստ էության, ոչ միայն հիմա, այլև ասուլիսի մեկնարկի պահից ես այդ հարցին եմ պատասխանում»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- 44-օրյա պատերազմից հետո գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունն ու պետականությունը. Փաշինյան
- Եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ ԼՂ-ից, դա նշանակում է՝ ԼՂ-ում զանգվածային սպանդի վտանգ այլևս չկա. Փաշինյան
- Վարդան Օսկանյանի հայտարարություններում օգտակար բան չեմ տեսնում. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանն ընդգծում է՝ խաղաղության օրակարգի անփոփոխելիությունը և «մեր կառավարության հավատարմությունը այդ օրակարգին»