«Ժողովուրդ». Փաշինյանն իրեն Բաղրամյան 26-ում ապահով է զգում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա հունիսից փոխել է աշխատավայրը՝ տեղափոխվելով Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր: Բանն այն է, որ կառավարության շենքում հերթական վերանորոգումն է իրականացվում:
Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին էր կապիտալ վերանորոգվել այդ շենքը՝ ծախսվելով 124.5 մլն դրամ կամ մոտ 325 հազար ԱՄՆ դոլար։ Իհարկե, դրանից հետո էլ բազմաթիվ փոփոխություններ ու վերանորոգումներ է տեսել կառավարության այս մասնաշենքը. անցած տարեվերջին տեղադրվել է մոտ 16 մլն դրամանոց վերելակ, գնվել են թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ:
Եվս 17,5 մլն դրամ էլ տրամադրվել էր կառավարության աշխատակազմի շենքի ջեռուցման համակարգի նորոգման համար: և այսքանից հետո կրկին հայրենի իշխանությունները որոշել են վերանորոգման աշխատանքներ անել: Ինչպես երևում է, Նիկոլ Փաշինյանն իրեն Բաղրամյան 26-ում շատ ապահով է զգում, և չի բացառվում՝ որոշի կրկին հաստատվել այդ մասնաշենքում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանին նրա անվտանգության աշխատակիցներն ասել են, որ կառավարության շենքի մոտ հաճախակի իրականացվող բողոքի ակցիաները շատ մոտ են լինում, և շենք մտնելն ավելի հեշտ է, ինչի համար էլ Փաշինյանն իրեն Բաղրամյան 26-ում ապահով է զգում: Բայց այդ իրավիճակում անհարմարություններ են առաջացել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մասով, քանի որ հենց նրա աշխատասենյակում է տեղավորվել է Նիկոլ Փաշինյանը. Խաչատուրյանը այլ աշխատասենյակ է գնացել:
«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի աշխատակազմից փորձեց պարզել, թե երբ կավարտվի Կառավարության շենքում վարչապետի աշխատասենյակի վերանորոգումը, ու արդյոք նպատակ ունի Փաշինյանը մնալ Բաղրամյան 26-ում: «Վարչապետի աշխատակազմի վարչական շենքում ներկայումս ընթացող նորոգման աշխատանքների պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակվել են… Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո վարչապետը գործունեությունը կշարունակի Կառավարության շենքում»,-փոխանցեցին կառավարությունից։
Ըստ մեզ տրամադրած տեղեկատվության՝ վերանորոգումը սկսվել է 2023 թվականի մայիսի 8-ին և ավարտին կհասցվի սեպտեմբերի 5-ին: Նիկոլ Փաշինյանը այն նույն Բաղրամյան 26-ում է, որը 2018-ի հեղափոխությունից հետո բացել էր իր դռները և հայտարարում էր, թե Բաղրամյանի այգում կարող են քաղաքացիները զբոսնել, իսկ հիմա ճաղավանդակները նորից զոդված են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում