Նման իրավիճակում մեր հարգարժան, տարիքով արվեստագետները չպետք է լռեն, իրենք պետք է խոսեն, օրինակ լինեն մեզ. Միքայել Ոսկանյան
Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակով պայմանավորած՝ չեղարկվել է Երևանում կայանալիք ՖԵՄԻՆՆՈ միջազգային կոնֆերանսի ամփոփիչ AFTERPARTY համերգը, որին մասնակցելու էին Գոռ Սուջյանն ու «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը։
Panorama.am-ը զրուցել է թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանի հետ՝ համերգի չեղարկման պատճառների, առհասարակ Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակի պայմաններում մշակութային միջոցառումների կազմակերպման անհրաժեշտության և որպես մշակույթի գործիչ՝ նման պայմաններում իր քայլերի մասին։
Panorama.am- AFTERPARTY համերգը, որին մասնակցելու էիք նաև դուք, չեղարկվել է։ Արդյո՞ք դա նաև ուղերձ է մյուսներին՝ չարժի նման պայմաններում համերգներ կազմակերպել։
Միքայել Ոսկանյան-Խոսքն այն մասին չէ, որ մշակութային միջոցառումներ չպետք է անել, ընդհակառակը՝ պետք է լինեն։ Խոսքը համերգի կամ միջոցառման բնույթի մասին է։ AFTERPARTY համերգը ենթադրում է ժամանց, խրախճանք։ Այդ ֆորմատի համերգները, կարծում եմ, պետք է հիմա չեղարկվեն, չնայած ամեն մեկն ինքն է որոշում։ Կազմակերպիչներն են առաջարկել այս ֆորմատի համերգը չեղարկել, արտիստներս՝ ես իմ խմբով ու Գոռ Սուջյանը, համաձայնվել ենք, քանի որ համակարծիք են։
Panorama.am-Այլ համերգներով հանդես կգա՞ք։
Միքայել Ոսկանյան-Ինչպես նշեցի, մշակութային կյանքն էլ պետք է շարունակվի, բայց այս իրավիճակում պետք է ավելի զուսպ լինել։
Հիմա իրականում շատ ծանր շրջան ենք ապրում։ Մեր պայքարը նաև հենց մեր մշակույթի համար է։ Կարծում եմ՝ մեր ինքնության պահպանումը նաև մշակույթի պահպանման մեջ է։ Եթե ամեն ինչ թողնենք, ինչի՞ համար է մեր ամբողջ պայքարը։
Panorama.am-Դուք մասնակցել եք, մասնակցում եք տարբեր բողոքի ակցիաների։
Միքայել Ոսկանյան-Այո։ Ակցիաներ կազմակերպելը, ակցիաներին մասնակցելը դա նվազագույնն է։ Բայց այդպես պետք է ցույց տալ, որ հասարակությունը քնած չէ, որոշողը չպետք է մեկ մարդ լինի, մենք տոտալիտար երկրում չենք ապրում։ Որպես քաղաքացի, մշակույթի գործիչ, պարտականություն ունեմ։ Դա է ճիշտը։ Ամենահիմար թեզը՝ մշակույթի գործիչը չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Դա քաղաքականությամբ զբաղվել չէ, որևէ մեկը քաղաքականություն մտնելու որևէ հայտ չի ներկայացնում։ Ամեն դեպքում, եթե ունես գիտակցում, պետք է շփվես, հաղորդակցվես մոլորված մարդկանց հետ, նրանց ճիշտ ուղու վրա դնես։
Իմ կոչն է մեր հարգարժան, տարիքով արվեստագետներին, մշակույթի գործիչներին, ովքեր լռում են, իրենք պետք է օրինակ լինեն մեզ համար։ Մենք՝ ավելի երիտասարդ արվեստագետներս, չունենք այն կենսափորձը, որն իրենք ունեն, իրենք պետք է խոսեն, օրինակ լինեն։
Panorama.am- Միքայել, դուք միացել եք նաև «Հայաքվեի» ստորագրահավաքին։
Միքայել Ոսկանյան-Ես ոչ միայն միացել եմ, նաև նախաձեռնող խմբի անդամ եմ։ Այն լրացումները, որոնք առաջարկվում է «Հայաքվեով», կանխող, զսպող, հետագայում պատժող դեր են ունենալու, որպեսզի որևէ մեկն իրեն իրավունք չվերապահի ժխտել Հայոց ցեղասպանությունը կամ Արցախի Հանրապետությունը ճանաչել այլ երկրի կազմում։
Panorama.am –Երբևէ մտածե՞լ էիք, որ կարող է այնպիսի իրավիճակ լինել, որ հենց Հայաստանում նման օրենքի կարիք լինի։
Միքայել Ոսկանյան-Երանի սրա կարիքը չլիներ։ Ինձ համար շատ մեծ ցավ է, որ մենք ստիպված ենք նման օրենսդրական նախաձեռնություն առաջարկել։ Մեր մտքով չէր էլ անցնում, որ մի օր մի կառավարիչ կամ ուժ կգա, որ կհամարի հայրենիքը ուրիշինը կամ կժխտի ցեղասպանությունը, որը մեր արտաքին քաղաքականություն ամենակարևոր կետերից մեկն է։
Panorama.am-Շնորհակալություն զրույցի համար։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Մանսուրյան. Ես չեմ տեսնում իրար բերող, ամբողջացնող ուժը, միտքը կամ ծրագիրը
- Մշակութային լրագրող. Ես հրաժարվում եմ ընդունել, որ Հայաստանը մտավորականներ ու արվեստագետներ ունի
- Այսօրվա իշխանությունները քոքից կտրել են այդ ամեն ինչը. Արվեստագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան