Մի մեծ առևտուր է ընթանում՝ Արցախը դրված է վաճառքի․ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն Ազատության հրապարակում, որտեղ այս պահին ընթանում է հանրահավաք՝ ի աջակցություն Արցախի, ելույթ ունեցավ՝ նշելով, որ հայտնի է՝ ինչ է տեղի ունենում Արցախում և ինչ խմորումներ են տեղի ունենում մեր Հայրենիքի այդ սրբազան մասունքի շուրջ։
«Ինչպես ժամանակին Խրիմյան Հայրիկն էր բնութագրում հայկական հարցը, ճիշտ նույն իրավիճակում ենք գտնվում։ Մի մեծ առևտուր է ընթանում՝ Արցախը դրված է վաճառքի, իսկ շերեփավորներն ախորժակները սրած սպասում են իրենց պատառին։ Որքան էլ խաղաղության սին հույսերի գինով հարբենք ու փորձենք մենք մեզ խաբել, դրանից իրականությունը չի փոխվի։ Ինչպես քրոնիկ հարբեցողի դեպքում է լինում, ամեն ինչ գնալու է դեպի կործանում։ Արցախը ենթակա չէ վաճառքի։ Արցախը Աստվածապարգև Հայաստան աշխարհի անմնացորդ մասն է։ Արցախը՝ սրբություն ու հող է։ Արցախը ՝ պատմություն ու ժողովուրդ է։ Այսօր կանգնել Արցախի կողքին, կնշանակի կանգնել մեր խղճի և արդարության կողքին, կանգնել քաղաքակրթության և մարդու իրավունքների կողքին»,- ասաց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ և ազգերը ժամանակ առ ժամանակ հնձում են այն, ինչը սերմանել ու աճեցրել են։
«Բայց այսօր, բոլոր գործած մեղքերից ավելին, վախեցնող ու սարսափեցնողը անտարբերության ութերորդ մահացու մեղքն է։ Եթե մենք կրավորական դիրքով ու անտարբերությամբ ենք հետևում վերը նշված գործընթացքներին, նշանակում է գործակից ենք դառնում Արցախը վաճառողներին»,- նշեց հոգևորականը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախին այսօր պետք է անվտանգություն և հաց. Հնագետ Համլետ Պետրոսյան
- Մեր ժողովրդի քրտինքը միախառնված է Արցախի հողին․ Արամ Ա կաթողիկոս
- «Արցա´խ, դու մենակ չես»․ Երևանում և Ստեփանակերտում հանրահավաք է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան