Արցախի բռնի տեղահանվածներ. Մեր վերադարձը պետք է ապահովեն ՄԱԿ խաղաղապահ զորքերը
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածները հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«Մենք՝ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի/ Շուշիի, Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններից բռնի տեղահանված և փախստական դարձած մի քանի տասնյակ հազար հայերի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններս, մեր տարակուսանքն ու զայրույթն ենք արտահայտում՝ հուլիսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից հնչեցված մտքերի կապակցությամբ։
ՌԴ ԱԳ նախարարը հավասարության նշան է դնում Ադրբեջանի հայաբնակ շրջաններից, Արցախի Հանրապետության ցեղասպանությունից փրկված հայ փախստականների և ժողովուրդների սեգրեգացիայի հետևանքով Հայաստանի տարածքը լքած ադրբեջանցիների միջև։
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ՌԴ իշխանություններին, որ Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց տները, իրենց հետ տեղափոխել իրենց ունեցվածքը, Հայաստանի Հանրապետությունից ստանալ փոխհատուցում։
Ի տարբերություն ադրբեջանցիների, հայ փախստականները մազապուրծ փրկվել են ցեղասպանությունից, իսկ ովքեր չեն հասցրել կամ չեն կամեցել լքել իրենց բնակավայրերը, դաժանաբար սպանվել են իրենց տներում կամ բակերում։
Ընդգծում ենք, որ վերադառնալու մեր իրավունքը արձանագրված է Հայաստանի վարչապետի, ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի՝ 2020 թվականի եռակողմ հայտարարության 7-րդ կետում, որտեղ ասված է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»:
Ելնելով վերոհիշյալից, կոչ ենք անում միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին մեր վերադարձի պայմանների ապահովման համար քննարկումների պատշաճ ֆորմատ ստեղծել, ներառելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներին: Մեր վերադարձը պետք է ապահովեն ՄԱԿ խաղաղապահ զորքերը, այլապես մենք չենք կարող ունենալ անվտանգության երաշխիքներ։
Համոզված ենք նաև, որ հակամարտության ներկա փուլում չկա այլընտրանք, քան՝ Արցախի և Ադրբեջանի հանրապետությունների պաշտոնյաների ուղիղ բանակցությունները, միջազգային երաշխավորների միջնորդությամբ։
Ռուսաստանի Դաշնությանը հորդորում ենք՝ իրենց պաշտոնական դիրքորոշումը բխեցնել այդ ելակետից։
ՀՀ վարչապետին կոչ ենք անում միջազգային բոլոր ձևաչափերում բարձրացնել մեր հարցը:
Ողջ միջազգային հանրությանը կոչ ենք անում աջակցել մեր լեգիտիմ իրավունքների պաշտպանությանը:
«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ Մ․ Քարամյան
«Հանուն Հադրութի» ՀԿ Լ․ Հայրիյան
«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ Դ․ Եղիազարյան
«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ Վ․ Կարապետյան
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ Կ․ Մովսիսյան
Շուշիի կանանց «Հարմոնիա» ՀԿ Ջ․ Առուստամյան»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային անվտանգության հարցերը
- Լավրովն արդյունավետ է գնահատում Միրզոյանի և Բայրամովի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները
- Դավիթ Շահնազարյան. Մոսկվան «կանաչ լույս» է տալիս Աբրբեջանին
- Միրզոյանը՝ Լավրովին. Ցավոք, այժմ անհնար չէ փաստել, որ Ռուսաստանի Դաշնությունը վերահսկում է Լաչինի միջանցքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին