Անտեղյակ Զարեհ Սինանյանը
«Այդ հարցը պետք է տալ այլ գերատեսչությունների ղեկավարներին, ես չեմ մասնակցել նման գործընթացների»․ այսպես արձագանքեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հարցին, երբ վերջիններս հետաքրքրվեցին, թե Հայաստանից Արցախ հումանիտար բեռ ուղարկելուց առաջ արդյոք նախապես որևէ գործընթաց իրականացվել է, թե ոչ։
«Կարծում եմ՝ ամենաճիշտը արտգործնախարարություն դիմելն է»,- լրագրողներին ուղղորդեց նա։
Հարցին, թե Հայաստանի կողմից միջազգային կառույցների հետ տարվող աշխատանքներն արդյոք բավարար են, որ համարժեք ճնշումներ լինեն Ադրբեջանի նկատմամբ, Զարեհ Սինանյանն ասաց, թե միջազգային կառույցների հետ աշխատում է այնքանով, որքանով դա վերաբերում է Սփյուռքին։ «Իսկ թե արդյոք բավարար են այդ աշխատանքները, թե ոչ, պետք է ասեմ՝ քանի դեռ մենք չենք կարողացել հասնել Լեռնային Ղարաբաղի բլոկադայի վերացմանը, մենք չենք կարող որևէ բան բավարարված համարել»,- նշեց նա։
Դիտարկմանը, թե կառավարությունում ինքն ընդհանրապես որևէ հարցի քննարկմանը մասնակցում է, Սինանյանն անարձագանք թողեց հարցը։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ տեղյակ է, թե ինչու է դաշնակցական հերթական գործչի մուտքն արգելվել Հայաստան, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ արձակուրդում է եղել, տեղյակ չէ, թե խոսքն ում մասին է։
Զարեհ Սինանյանին նաև հարցրեցին՝ ինչու են իր այցերը Սփյուռքի գաղթօջախներ բոյկոտվում կամ ավարտվում սկանդալով։ «Իմ այցերը չեն բոյկոտվում։ Օրինակներ բերեք, ես էլ ձեզ 50 օրինակ բերեմ, որ նման բան չի եղել։ Ամիս, ամսաթվով ուղարկեք, պատասխանեմ։ Ես անցյալ տարի նվազագույն ունեցել եմ 50-60 հանրային հանդիպում, որոնցից մեկի ընթացքում ԱՄՆ-ում ձեզ հայտնի շրջանակները կազմակերպել են խուլիգանական ակցիա»,- ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։