Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ Բորել
Եվրոպական միությունը խորապես մտահոգված է հումանիտար լուրջ իրավիճակով, որին բախվում է տեղի բնակչությունը նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Լաչինի միջանցքով երթևեկությունը ավելի քան յոթ ամիս խոչընդոտվում է՝ չնայած այն վերաբացելու մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին։
Դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները սակավ են կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար։ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և թույլ չտալ հետագա էսկալացիա։
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք»,- հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում խիստ տուժել է, և կոչ է անում ամբողջությամբ վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական օգնության առաքումը:
«Հումանիտար հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից:
Եվրամիությունը և, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ակտիվորեն ներգրավված են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի աջակցման, ինչպես նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության խթանման գործում։ Այն նաև պահանջում է բոլոր կողմերի անկեղծ հավատարմությունը բանակցությունների արդյունքներին և ապագային՝ հիմնված ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա», - ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավարի հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին