Կայուն խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ միջազգային սահմանները չփոխվեն․ Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան
ParsToday-ը գրում է․
«Բաքվում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաք-Այինը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և այդ խաղաղության նկատմամբ Իրանի աջակցության մասին ասել է. «Մենք դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը։ Այն խաղաղությունը կարող է արդար և կայուն լինել, որի ժամանակ չփոխվեն միջազգային սահմանները»:
Փաք-Այինը «Ֆարհիխթեգան» օրաթերթի հետ զրույցում հավելել է.«Խաղաղությունը կարող է կայուն լինել, եթե առաջին հերթին հարգվի երկրների տարածքային ամբողջականությունը։ Այս պայմանով կնքված ցանկացած պայմանագիր կլինի մշտական համաձայնություն։ Երկրորդ հերթին չպետք է փոխվեն միջազգային սահմանները: Եթե այս սահմանները փոխվեն, դա նոր հակամարտություններ կառաջացնի, և արդյունքում տարածաշրջանը կմնա անապահով։
Ուստի մենք դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և համոզված ենք, որ այն խաղաղությունը կարող է արդար և կայուն լինել, որի ժամանակ չփոխվեն միջազգային սահմանները: Երրորդ կետն այն է, որ մենք արտատարածաշրջանային երկրների մուտքն օգտակար չենք համարում տարածաշրջանում խաղաղության հաստատման համար. Քանի որ նրանք շահեր ունեն և հաշվի առնելով, որ ձգտում են ապահովել այդ շահերը, կարող են ազդել խաղաղության գործընթացի վրա։ Ուստի մենք օգտակար չենք համարում ԱՄՆ-ի կամ Եվրամիության նման երկրների միջամտությունը կովկասյան հիմնախնդրին, և անհանգստացած ենք, որ այդ միջամտությունները նոր անապահովություն կառաջացնեն»:
Բաքվում Իրանի նախկին դեսպանն ընդգծել է. «Առաջին հերթին մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը կապված է այս երկու երկրների հետ, այսինքն՝ Երևանն ու Բաքուն հիմնական բանակցողներն են։ Եթե իմ նշած շրջանակներում բանակցեն, և խաղաղություն հաստատվի, դա կարժանանա մեր աջակցության»»։