Արևային այրվածքների բուժում և կանխարգելում. ուշադրություն դարձրե՛ք արևին
Անկախ նրանից, թե որքան եք սիրում արևի տակ անցկացնել, միշտ հիշե՛ք, որ դրա լույսը որոշակի վտանգ է պարունակում։ Հատկապես երեխաներին անհրաժեշտ է պաշտպանություն արևի կիզիչ ճառագայթներից, քանի որ նրանք ավելի զգայուն են դրանց ազդեցության նկատմամբ, քան մյուսները:
Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարինե Սիմոնյանը նշում է, որ արևային այրվածքը, ինչպես սովորական արևայրուքը, մաշկի վրա թողնում է կարմիր, տաք և ցավոտ հետքեր, իսկ ծանր դեպքերում կարող են առաջանալ բշտիկներ, ջերմություն, դող, գլխացավ և ընդհանուր թուլություն:
Երեխաների մոտ արևային այրվածքի նշանները սովորաբար ի հայտ են գալիս արևի տակ մնալուց 6-12 ժամ հետո և առավելագույն անհարմարություն են առաջացնում առաջին մեկ օրվա ընթացքում:
Եթե այրվածքը կարմիր է, տաք, ցավոտ, բայց ոչ ավելին, կարող եք ինքներդ այն մշակել՝ օգտագործելով սառը կոմպրեսներ կամ լողացնելով երեխային սառը ջրով։
Դուք կարող եք նրան ցավազրկող դեղամիջոց տալ՝ անհանգստությունը թեթևացնելու համար, բայց համոզվե՛ք, որ դեղամիջոցը և դեղաչափը համապատասխանում են երեխայի տարիքին և քաշին:
Բժիշկ-գիտնականն ընդգծում է, որ եթե այրվածքն առաջացնում է բշտիկներ, ջերմություն, դող, գլխացավ կամ ընդհանուր թուլության զգացողություն, անպայման դիմե՛ք ձեր մանկաբույժին:
Երեխայի մոտ ծանր արևային այրվածքը պետք է մշակել այնպես, ինչպես ցանկացած այլ ծանր այրվածք:
Իսկ եթե դրանք ծավալուն են, ապա նույնիսկ հոսպիտալացում է անհրաժեշտ, քանի որ բշտիկների միջով վարակը կարող է թափանցել, և ավելի լուրջ հակաբիոտիկ բուժում կպահանջվի։
Երբեմն ուժեղ արևային այրվածքը հանգեցնում է ջրազրկման կամ ուշագնացության, որն այս դեպքում կոչվում է ջերմային հարված։ Այս դեպքում անհրաժեշտ է նաև դիմել շտապօգնության: