Ինչքան Թուրքիան ունի ԵՄ-ի կարիքը, այդքան էլ ԵՄ -ն ունի Թուրքիայի կարիքը․ Մեհմեդ Շիմշեք
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացվող «Վաղվա Եվրոպան․ դիմակայել մարտահրավերներին և ձևավորել ապագան» խորագրով պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է Եվրամիություն (ԵՄ) - Թուրքիա հարաբերություններին։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ Թուրքիան և ԵՄ-ն կիսում են նույն արժեքները և պետք են մեկը մյուսին։
Նախարարը մասնավորապես նշել է․ «Ինչքան Թուրքիան ունի ԵՄ-ի կարիքը, այդքան էլ ԵՄ -ն ունի Թուրքիայի կարիքը։Այդ պատճառով Թուրքիան ԵՄ-ի հետ ցանկանում է սերտ շփման մեջ լինել։ Եթե Եվրոպան ցանկանում է ավելի բարենպաստ դիրք ունենալ, եթե ցանկանում է գլոբալ հարցերում լինել ավելի լավ խաղացող, ապա, ինչպես ասում են եվրոպացի առաջնորդները՝ չի կարելի անտեսել Թուրքիայի նման երկրին»։
Շիմշեքի խոսքերով, ԵՄ-ի և Թուրքիայի միջև Մաքսային միության համաձայնագիրը պետք է ընդլայնվի՝ ընդգրկելով գյուղատնտեսական ապրանքներն ու ծառայությունները։
Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն տեղեկացրել էր, որ Թուրքիան չի կարող ԵՄ անդամ դառնալ 2024թ.։