«Ժողովուրդ». ՔՊ-ն, ավագանու ընտրություններին ընդառաջ, դրամահավաք է կազմակերպելու. Փաշինյանը հրահանգներ է տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկուշաբթի երեկոյան՝ հուլիսի 31-ին, հավաքույթ է իրականացնելու. ՔՊ-ն, ավագանու ընտրություններին ընդառաջ, դրամահավաք է կազմակերպելու:
Տեղեկացանք, որ միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցելու է, իսկ հավաքույթի անցկացման վայրի հետ կապված դեռ քննարկում են, բայց հավանական է, որ ՔՊ-ն հավաքն անցկացնի «Դվին» ռեստորանում: Ինչպես ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցեցին, հավաքույթով պայմանավորված՝ կուսակցությունում այս օրերին շատ խառն են, պատրաստվում են, որպեսզի հավուր պատշաճի անցնի միջոցառումը:
Ավելին՝ ինչպես մեր աղբյուրներն են փոխացնում, Նիկոլ Փաշինյանը ներքին կարգով պատգամավորներին հրահանգել է՝ ամեն մեկն իր կողմից առնվազն 5 հյուր բերի, որպեսզի հավաքույթը մարդաշատ անցնի. բացի սա, պատգամավորներին ասվել է, որ իրենց բերած հյուրերից յուրաքանչյուրը 20.000-ական դրամ պիտի նվեր տա իշխող կուսակցությանը դրամահավաքի անվան տակ:
Նշենք, որ ՔՊ-ն նման դրամահավաք արել էր նաև 2017, 2018 և 2021 թվականներին։ Տարեցտարի նրանց նվիրատուների, առավել ևս՝ անանուն նվիրատուների թիվը մեծացել է: Հիշեցնենք, որ երբ ՔՊ-ն ընդդիմադիր էր, այդպիսի շռայլ դրամներ ու նվերներ չէր ստանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում