«Ժողովուրդ». Մհեր Սեդրակյանի նկատմամբ հարուցված քրգործով դատարան է հրավիրվել Երվանդ Զախարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ հարուցված քրեական գործով Ավանի դատարան է հրավիրվել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Վերջինս դատարան է հրավիրվել վկայի կարգավիճակով, և դատարանում կարծիք է հնչել, որ նրա հարցաքննությունը բավականին երկար է տևելու:
Նշենք, որ երեկ Աժ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ բոլորին հայտնի Թոխմախի Մհերը, ներկայացել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայր: Նրա գործն արդեն երկու տարի է, ինչ քննվում է Ավանի նստավայրում, իսկ գործը քննում է դատավոր Վահագն Մելիքյանը: Իսկ ինչի՞ համար են մեղադրում Աժ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1999-2008թթ. հանդիսանալով պաշտոնատար անձ՝ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավար, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2004թ. ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և Էրեբունի համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Գործը գտնվում է դատաքննության փուլում:
Նկատենք, որ ապացույցների հետազոտման փուլն էր, և կողմերը չցանկացան, որպեսզի լրատվամիջոցները տեսանկարահանեն դատական նիստը: Նշենք, որ, Մհեր Սեդրակյանից բացի, մեղադրյալի աթոռին են հայտնվել նաև 5 անձ` Լևոն Քոչինյանը, Հրաչյա Այվազյանը, Սվետլանա Պետիկի Ասլանյանը, Կառլեն Ռազմիկի Գևորգյանը, Վահան Գևորգի Գևորգյանը: Մեղադրանքը համարվում է չհիմնավորված»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում