«Դեռ դիմանում ենք»․ զրույց մարտակերտցի կնոջ հետ
«Դեռ դիմանում ենք»․ մարտակերտցի Անուշն է ասում, որի հետ մեր զրույցներում աստիճանաբար լավատեսությունը մարում է, բայց հույսը՝ ոչ։
Երբ դեռևս նոր էր Արցախը բլոկադայում հայտնվել, մեր հեռախոսազրույցներում նա կատակում էր, թե բան չկա, դրան էլ կդիմանան, բայց ամիսներ անց ․․․։
Անուշի 15 հոգանոց ընտանիքն ապրում է իրենց այգու բարիքներով։ «Որ ասում են, թե արցախցին ինչի հող չի մշակում, տո խելոք, ով չի մշակում, Մարտակերտում ամեն թիզ հողը մշակած ա, մարդիկ ինչ ունեն ցանել են, բայց վառելիք չկա, որ սնունդը քաղաք հասցնեն»,- ասում է նա ու դառնացած պատմում, որ ուզում է Ստեփանակերտում ապրող իր ծանոթներին բանջարեղեն ուղարկել, բայց դրա հնարավորությունը չկա, մեքենաներն առանց վառելիք բակում կանգնած են։
Անուշն իր բոլոր երեխաներին ու թոռներին հավաքել է մեկ հարկի տակ, որ այս դժվար ժամանակահատվածում միասին լինեն։
«Ինչ կա էրեխեքը պիտի իրար մեջ կիսեն, դժվարությունները միասին պիտի հաղթահարենք։ Դժվար ա, որ միրգ չեն ուտում, կոնֆետի մասին էլ չասեմ, բայց էլի գոհ ենք, բա քաղաքում ապրող էրեխու ծնողն ի՞նչ ասի, որ ոչ մի բան չունեն»,- ասում է Անուշը, իսկ ես այդ պահին նայում եմ սեղանին դրված կոնֆետին ու դառնացած սրտով դառը սուրճից մեկ կում անում ու էլ ավելի մեղավոր զգում ինձ։ Սուրճի սիրահար Անուշը խոսում է երեխաներին անհրաժեշտ սնունդի, քաղցրավենիքի մասին, իր սիրելի սուրճը մոռացել է վաղուց։
Նրա խոսքով՝ արդեն մի քանի օր է փորձում է աղ գնել, բայց որևէ խանութում չկա։ Լսել է, որ խանութներից մեկում մեկ տուփ աղը վաճառում են 2 հազար դրամով, պատրաստ էր նույնիսկ ավելին վճարեր, բայց, ցավոք, այդ խանութում էլ աղն արդեն սպառվել էր։
Մեկ տուփ սիգարետն էլ, ըստ նրա, 2-3 հազար դրամ են վաճառում։
«Մեզ առողջ ապրելակերպի են սովորեցնում»,- ժպտում է Անուշը։ Մեր զրույցը մի պահ ընդհատվում է․ նրա թոռը, որ մի քանի ժամ հացի հերթի էր կանգնած, վերադառնում է տուն, բայց առանց հացի։ Ասել էին՝ մեկ ժամից նոր հաց կլինի։
Սնունդից կարևոր այսօր դեղերն են։ Մեր զրույցից հետո Անուշը պետք է վերջին ինսուլինն ընդուներ, վաղն արդեն դա էլ չի լինի։ Հարսը պատրաստվում էր գնալ պոլիկլինիկա՝ հույսով, որ այնտեղ ինսուլին կլինի։
«Դե էսպես ապրում ենք, բայց մենք մեր հողի վրա ենք։ Սիրտս ցավում ա, որ չեմ կարող քաղաքում ապրողներին օգնել, բայց հենց գազ լինի, մեքենաները լիցքավորեն, մեր այգու եղածը մարդկանց կհասցնենք։ Առաջ ասում էի՝ էսպես չեն թողնի, մի բան կանեն, բայց ոնց տեսնում եմ՝ ցանկություն էլ չունեն։ Բայց մի բան կասեմ՝ մենք թուրքի հետ չենք ապրելու, ես տեսել եմ էդ թուրքին ու գիտեմ, թե դրանք ինչի են ընդունակ, ես ոնց կարող եմ իմ թոռներին թողնել, որ թուրքի հարևանությամբ ապրեն, նման բան չի կարող լինել։ Սա մեր հողն ա, սա հայկական հող ա ու հայերը պիտի էստեղ ապրեն»,- ասում է Անուշը։
Հարակից հրապարակումներ`
- 83-ամյա արցախուհին համոզված է՝ թշնամու հետ կողք-կողքի հնարավոր չէ ապրել
- 65-ամյա կինը հումանիտար բեռի հետ փորձում էր հասնել Արցախ
- Արցախցի 30-ամյա կինը սթրեսի ու թերսնման պատճառով կորցրել է երեխային․ շրջափակման հետևանքներն Արցախում
- Ամբողջությամբ դադարել են դեղորայքի ու բժշկական այլ պարագաների սահմանափակ մատակարարումները դեպի Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան