Սինգապուրում 20 տարվա մեջ առաջին անգամ կնոջը մահապատժի են ենթարկել
Սինգապուրի իշխանությունները գրեթե 20 տարվա մեջ առաջին անգամ մահապատժի են ենթարկել մի կնոջ, որը դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Թմրամիջոցների դեմ պայքարի կենտրոնական բյուրոյի հայտարարության մեջ։
Սարիդևի Ջամանին մահապատժի է դատապարտվել 2018 թվականին՝ մոտ 30 գրամ հերոին վաճառելու համար։
«Մահապատիժն իրականացվել է 2023 թվականի հուլիսի 28-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ հայտարարության՝ Վերաքննիչ դատարանը մերժել է կնոջ բողոքը, ներման մասին երկրի նախագահին ուղղված նրա խնդրագիրը նույնպես չի բավարարվել:
Մահապատիժը տեղի է ունեցել՝ չնայած իրավապաշտպանների ակտիվ բողոքին։ Նրանց խոսքով՝ վերջին անգամ Սինգապուրում կնոջ նկատմամբ մահապատիժ է կիրառվել 2004 թվականին։ Այդ ժամանակ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար կախաղան էր բարձրացվել 36-ամյա վարսավիրը։