Բողոքի լուռ ակցիա Բրյուսելում՝ Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակման դադարեցման պահանջով
Այսօր Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի շենքի առջև, տեղի է ունեցել լուռ բողոքի ակցիա, որի ժամանակ մասնակիցները ցուցատախտակների միջոցով կոչ են արել անհապաղ դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության ապօրինի շրջափակումը։ Ակցիայի մասնակիցների նպատակն էր ուշադրություն հրավիրել տարածաշրջանում սրվող հումանիտար ճգնաժամի վրա, որը հանգեցրել է անմեղ մարդկանց, այդ թվում՝ երեք անչափահաս երեխաների ողբերգական մահվան՝ 120,000 հայերի նկատմամբ ադրբեջանական նպատակաուղղված սովի քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտնում են Բելգիայի հայերի կոմիտեից։
Լուռ բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցների ցուցադրված պաստառները ուղերձ էին միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը, անտարբեր չմնալու Լեռնային Ղարաբաղում/Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտմանը։ Լուռ ակցիայի ընթացքում մասնակիցները երեխաների հետ միասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ուղղված նամակ են հանձնել։ Նամակում Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են անում ԵՄ ղեկավարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատժամիջոցներ կիրառելով հանցագործ Ադրբեջանի նկատմամբ և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու անօրինական շրջափակումը։ Մասնակիցները նաև ընդգծել են միջազգային իրավունքի, մարդու իրավունքների պահպանման և Արցախի ժողովրդի հրատապ կարիքների լուծման կարևորությունը։
Նրանք պահանջում էին, որ աշխարհը աչք չփակի անմեղ քաղաքացիների, հատկապես երեխաների տառապանքների վրա, որոնք կրում են շրջափակման հետևանքների ողջ ծանրությունը։
Որպես «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության ներկայացուցիչներ և մտահոգ քաղաքացիներ՝ ցուցարարները համոզված են, որ կոլեկտիվ ջանքերը և ԵՄ կոնկրետ աջակցությունը կարող են վճռորոշ դեր խաղալ շրջափակումը դադարեցնելու և տուժածների տառապանքը մեղմելու գործում։
«Բրյուսելի այսօրվա լուռ ցույցը ևս մեկ անգամ հիշեցում է, որ ավելի քան երբևէ հրատապ են դարձել այն գործողությունները, որոնք կնպաստեն Արցախի անօրինական շրջափակումը դադարեցնելուն։ Այն կոչ է անում միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը, գործադրելու իր ամբողջ դիվանագիտական ազդեցությունն ու լծակները՝ պաշտպանելու անմեղ կյանքերը և պաշտպանելու արդարությունը տարածաշրջանում»,- նշում են Բելգիայի հայերի կոմիտեից։
Հարակից հրապարակումներ`
- Իրանահայերը գրություն են ուղարկել Իրանի ղեկավարությանը՝ խնդրելով օգտագործել իրենց հեղինակությունը, Ադրբեջանից պահանջել բացել Լաչինի միջանցքը
- Լոս Անջելեսի հայերն ի պաշտպանություն Արցախի՝ ակցիա են արել Կարմիր խաչի ամերիկյան գրասենյակի առջև
- Արցախի ԱԺ-ն դիմել է ՄԱԿ անդամ պետություններին՝ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Արցախի անկախության ճանաչումն է
- Երկու օր կղողանջեն Թեհրանի հայոց թեմի եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն շրջափակված արցախցիների