Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության գործընթացը ներկայումս գտնվում է կառուցողական և դրական ուղու վրա․ Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկել երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հիմնական հարցերը, հաղորդում է ParsToday-ը։
Իրանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է. «Երկու երկրների միջև համագործակցության գործընթացը ներկայումս գտնվում է կառուցողական և դրական ուղու վրա»:
Իրանի արտգործնախարարը «հաջող» է որակել Իրանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի ղեկավարների վերջին հանդիպումը Աստարայում՝ հավելելով, որ երկու երկրների միջև լավ պայմանավորվածություններ են կնքվել հատկապես երկաթուղային և ճանապարհային ոլորտում։
Բայրամովը, իր հերթին, Ադրբեջանի երախտագիտությունն է հայտնել Ղարաբաղի (Արցախ) հարցում Իրանի Իսլամական Հանրապետության կառուցողական դիրքորոշումների համար, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի հետ բանակցություններում և Լաչինի միջանցքի շուրջ առկա իրավիճակը։
ԱՀ ԱԳ նախարարը կարևորել է ԻԻՀ ԱԳՆ Ամիր Աբդուլլահյանի վերջերս կատարած այցը Բաքու և հավելել, որ այս այցից հետո ամենակարճ ժամանակում մենք կտեսնենք դրա դրական ազդեցությունը երկու երկրների հարաբերությունների վրա։
Կողմերը ոչ կառուցողական են համարել տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունն ու միջամտությունը՝ միաժամանակ ընդգծելով տարածաշրջանային խնդիրների լուծման անհրաժեշտությունը տարածաշրջանի երկրների և դերակատարների կողմից։