Օպերայի և բալետի թատրոնի բեմում առաջին անգամ բեմադրվում է Պուչչինիի «Տուրանդոտ» օպերան
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 29-ին՝ ժամը 19:00-ին տեղի կունենա Ջ.Պուչչինիի «Տուրանդոտ» երեք գործողությամբ օպերայի առաջնախաղը:
Ներկայացման մեջ ընդգրկված են Թատրոնի ինչպես արդեն անվանի, այնպես էլ երիտասարդ լավագույն մեներգիչները, Թատրոնի երգչախումբը, սիմֆոնիկ նվագախումբը: Բեմադրությունը իրականացրել է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր, Նովոսիբիրսկի պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Վյաչեսլավ Ստարոդուբցևը, գեղեցիկ դեկորացաների և շքեղ հագուստների հեղինակն է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի Պրիմորսկիի բեմի գլխավոր դիզայներ Պյոտր Օկունևը, իսկ հագուստները պատրաստվել են «Գաբաջյան նորաձևության տան» կողմից: Ներկայացման լուսային ռեժիսորն է՝ Սերգեյ Սկորնեցկին, իսկ վիդեո կոնտենտի բեմադրիչը՝ Վադիմ Դուլենկոն:
Ասուլիսում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ասաց, որ «Տուրանդոտ»-ը լավագույն օպերային ներկայացումներից մեկն է, յուրաքանչյուր օպերային թատրոն ձգտում է այս բեմադրությունն ունենալ իր խաղացանկում։
«Սա միանշանակ կարևոր իրադարձություն է մեր մշակութային կյանքում և ԿԳՄՍ նախարարությունն աջակցել է և շարունակելու է աջակցել նման ծրագրերի կյանքի կոչմանը»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ նախարարության ֆինանսական աջակցությունը կազմել է շուրջ 50 միլիոն դրամ։
«Կարծում ենք՝ նման բարձրակարգ ներկայացումները հարստացնում են մեր հասարակությունը, հաղորդում են նոր հոգևոր լիցքեր, բարձրացնում հասարակության՝ արվեստի ընկալման մակարդակը, ինչպես նաև խթանում են զբոսաշրջային հոսքեր դեպքի մեր երկիր։
Այս ներկայացումը կարևոր է նաև միջազգային համագործակցության տեսանկյունից։ Բեմադրությունն արդյունք է մեր օպերային թատրոնի և Վյաչեսլավ Ստարոդուբցևի, Պյոտր Օկունևի, «Գաբաջյան նորաձևության տան» համագործակցության։ Նման համագործակցության ձևաչափն ապացուցել է, որ այն ոչ միայն կարևոր է, նաև արդյունավետ, նոր շունչ է հաղորդում օպերային թատերական արվեստին»,- ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով, իրենց նպատակն է առավելագույնը դիվերսիֆիկացնել մշակութային կյանքը մեր երկրում և դառնալ տարածաշրջանի մշակութային և ժամանցային կենտրոն։
Ասուլիսին ներկա Վյաչեսլավ Ստարոդուբցևը նախ ընգծեց, որ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնն ունի հարուստ պատմություն, հեղինակավոր ստեղծագործողներ ու երգիչներ, որոնց հետ աշխատելը մեծ պատասխանատվություն և հաճույք է։ Նրա խոսքով, շատ դժվար է ընտրություն կատարել արտիստների մեջ, որոնք «ադամանդներ են»։
«Բոլոր թատրոնները երազում են նման արտիստների խումբ ունենալ»,- ընդգծեց նա։
Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ասաց, որ բավականին լուրջ աշխատանք են արել. «Կոստյումների որակը բավականին լավն է, բեմադրությունը բավականին գեղեցիկ ու լուսավոր է»։
Նա նշեց, որ իրենց համար կարևոր է նաև դրսից եկած կոլեգաների ու տեղի երիտասարդ ուժերի համագործակցությունը, որպեսզի երիտասարդ արտիստները կարողանան սովորել, ըմբռնել, կարողանան ոչ միայն ներկայացումը պահպանել, նաև հաջորդ ներկայացումներում հաջողություններ ունենալ, ձևավորել մեր աշխատանքային թիմը։
Դիրիժոր Հարություն Արզումանյանն ասաց, որ բոլոր օպերաները գլուխգործոցներ են, բայց նույնիսկ այդ ահռելի ժառանգության մեջ առանձնանում է Ջ.Պուչչինիի «Տուրանդոտ» օպերան, որը կոմպոզիտորը չի հասցրել ավարտել, ավարտել է նրա համախոհ ու աշակերտ Ֆրանկո Ալֆանոն։
«Բայց մեր բեմադրությունն առանձնանում է նրանով, որ մենք չենք ընդգրել Ալֆանոյի վերջաբանը, այլ այն, ինչ միայն գրել է Պուչչինին։ Ամենավերջին հատվածը չէր ավարտել, այդ թեմայով թողել էր տարբեր ձեռագրեր»,- նշեց նա։
Նրա ներկայացմամբ, բարդագույն օպերա է, ի տարբերություն Պուչչինիի մյուս օպերաների, որտեղ երգչախումբը շատ թեթև է ընդգրկված լինում, այս օպերան ամբողջովին հիմնված է երգչախմբի վրա։
«Ռեժիսորն այնպես է բեմադրել, որ երգչախումբը բավականին ակտիվ է գործում, բարդագույն դերեր են հաղթահարում նաև երգչախմբի արտիստները՝ խաղալով, անընդհատ գործողության մաս կազմելով։
«Գեղեցիկ ու գունագեղ բեմադրություն է, երջանկություն է աշխատել այդ հանճարեղ ստեղծագործության վրա, որը երբեք չի բեմադրվել Հայաստանում, եղել է միայն համերգային կատարում։ Իրոք, մեծ ձեռքբերում է, հուսով եմ՝ երկար տարիների համար է այս ձեռքբերումը։ Ամեն տեղ չէ, որ երգիչները հնարավորություն ունեն «Տուրանդոտ» օպերայում խաղալու, երգել»,- ասաց Հ.Արզումանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան