ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի այս գործողությունը նախապես ծրագրված է եղել, սպառնում են նաև ԼՂ այլ բնակիչների
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հուլիսի 29-ին բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի մոտ առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ՝ առանց որևէ հավաստի մեկնաբանության:
Հարկ ենք համարում ընդգծել, որ ԿԽՄԿ նախապես կողմերին տրամադրում է տեղափոխվող հիվանդների ցուցակները և միայն համաձայնեցնելուց հետո է իրականացնում նրանց տեղափոխումը։ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից առևանգումից անմիջապես հետո՝ կեղծ նարատիվներով և մեղադրանքներով լի հաղորդագրության տարածումը ցույց է տալիս, որ այս գործողությունը նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել։ Ավելին, հաղորդագրության մեջ հնչում է բացահայտ սպառնալիք նույն մոտեցումը ԼՂ այլ բնակիչների նկատմամբ ևս կիրառելու վերաբերյալ:
Ադրբեջանի այս գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է. միջազգային հումանիտար իրավունքի և ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի։ Այն նաև միտված է ամբողջությամբ արգելափակելու ԿԽՄԿ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այն պարագայում, երբ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը և առհասարակ խոչընդոտում է այլ մարդասիրական կազմակերպությունների մուտքը ԼՂ:
Հատկանշական է, որ ադրբեջանական իշխանությունների այս գործողությունն իրենից ներկայացնում է երկրի նախագահի կողմից մայիսի 28-ին արված՝ «Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը ԼՂ հայերի համար դաս լինելու, նրանց՝ գլխիկոր ներկայանալու» հայտարարության և շարունակաբար հնչող սպառնալիքների ուղղակի իրականացում, որոնց մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է միջազգային գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել այդ և նմանօրինակ այլ հայտարարությունները։ Ադրբեջանի այս գործողությունն անմիջականորեն ի ցույց է դնում, որ Հայաստանի կողմից արդեն իսկ տևական ժամանակ բարձրաձայնվող էթնիկ զտումների վերաբերյալ ահազանգերն արտացոլում են առկա օրհասական վտանգների լրջությունը:
Ավելին, այս գործելակերպը ևս մեկ անգամ ի ցույց է դնում 44-օրյա պատերազմից հետո Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, ինչպես նաև ս.թ. մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված զինծառայողներին չվերադարձնելու, նրանց նկատմամբ շինծու դատավարությունների իրականացման հարցում ադրբեջանական կողմի փաստարկների սնանկությունը:
Լաչինի միջանցքի ամբողջական փակմանը և ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումից հրաժարվելուն զուգահեռ իրականացվող այս ինքնիրավչությունը միտված է ԼՂ բնակչության ահաբեկմանը և ևս մեկ անգամ լուրջ կասկածի տակ է դնում միջազգային ներգրավածության բացակայության պարագայում ԼՂ ժողովրդի ոչ միայն նվազագույն իրավունքների ապահովման, այլև կյանքի իրավունքի իրացման հնարավորությունը:
Անընդունելի և դատապարտելի ենք համարում Ադրբեջանի կողմից այսօր իրականացված հանցավոր գործողությունը և Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը: Ակնկալում ենք միջազգային հանրության միասնական և հստակ քայլերը, այդ թվում` առկա գործիքակազմի օգտագործումն՝ ուղղված Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժի վերականգնման, Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործունեության ապահովման և Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի ապահովման ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Արձանագրեք՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ն ի վիճակի չէ երաշխավորել․ Գուրգեն Ներսիսյան
- Դա զրպարտանք է․ ձերբակալված արցախցու աղջիկը հերքում է Բաքվի մեղադրանքները
- Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ․ Արտակ Բեգլարյան
- «Հունցը տարալք պարտավորվածք ողջ և առողջ ետ պերիք». Արցախցիները կհավաքվեն ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի դիմաց
- Հասկանում եք, չէ՞, որ այ էսպես՝ Վագիֆի նման ադրբեջանցիք առևանգելու են մեր բոլոր տղամարդկանց. Աղաբաբյան
- 68-ամյա խաղաղ բնակչի առևանգումն ադրբեջանական զինված ծառայողների կողմից պատերազմական հանցանք է. Թաթոյան
- ՀՀ ՄԻՊ-ն ադրբեջանցիների կողմից առևանգված 68-ամյա արցախցու հարցով կդիմի միջազգային կազմակերպություններին
- ԿԽՄԿ-ն՝ ադրբեջանցիների կողմից բուժառուի առևանգման մասին
- ԿԽՄԿ արցախյան գրասենյակի առաջ տեղի կունենա հավաք՝ ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն հետ վերադարձնելու պահանջով
- Հարազատներից, ԿԽՄԿ-ից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկն ադրբեջանցիների կողմից առևանգված քաղաքացու մոտ չեն. Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ միջոցով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու և անցակետից տեղափոխվել այլ վայր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին