ԿԽՄԿ-ն՝ ադրբեջանցիների կողմից բուժառուի առևանգման մասին
Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրի, վիճակի մասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին ոչ մի տեղեկություն չի կարող հայտնել։ «Արցախ» լրատվականին ասել է ԿԽՄԿ-ի արցախյան գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։
Մուսայելյանը հավելել է, որ ԿԽՄԿ-ը կողմերի հետ նախապես համաձայնեցնում է տեղափոխվող անձանց ցուցակները՝ միջադեպերից խուսափելու համար։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին իր լիազորությունների շրջանակում երկխոսության միջոցով համապատասխան քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժման նպատակով ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ տեղափոխվող 68-ամյա քաղաքացու Ադրբեջանի սահմանապահների կողմից անհայտ վայր տեղափոխելու ուղղությամբ:
Նա նշել է, որ շնորհիվ իրենց նախապես համաձայնեցված ընթացակարգերին, մինչև օրս կարողացել են ապահով կերպով տեղափոխել մարդկանց՝ բուժառուների կամ քաղաքացիների, որոնք ժամանակին ցանկություն էին հայտնել միավորվել իրենց ընտանիքների հետ:
«Ինչ վերաբերվում է կոնկրետ այս իրավիճակին, պետք է նշեմ, որ մենք բոլոր խնդիրները հասցեագրում ենք համապատասխան իշխանություններին, սակայն անելու ենք դա երկխոսության միջոցով և դա կոնֆիդենցիալ բնույթ է կրելու, այս պահի դրությամբ այլ մանրամասներ միջադեպի կապակցությամբ հաղորդել չեմ կարող»,- նշել է Ամատունին:
Այսօր ավելի վաղ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել էր, որ այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ գրել էր, որ հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ, այս պահին ճակատագիրը անհայտ է։
Հարակից հրապարակումներ`
- ԿԽՄԿ արցախյան գրասենյակի առաջ տեղի կունենա հավաք՝ ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն հետ վերադարձնելու պահանջով
- Ադրբեջանն անցնում է առևանգումների քաղաքականությանը. Հայրապետյան
- Հարազատներից, ԿԽՄԿ-ից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկն ադրբեջանցիների կողմից առևանգված քաղաքացու մոտ չեն. Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ միջոցով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու և անցակետից տեղափոխվել այլ վայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան