Եվրամիությունը չի ճանաչում Նիգերի նոր ղեկավարությանը․ Բորել
Եվրամիությունը չի ճանաչում Նիգերի նոր ղեկավարությանը, որն իշխանության է եկել պետական հեղաշրջման արդյունքում: «Euronews»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Սահմանադրական կարգը պետք է վերականգնվի»,- Թվիթերում գրել է Բորելը։
Գեներալ Աբդուրահման Չիանին, նախօրեին հանդես գալով պետական հեռուստատեսությամբ, իրեն հռչակել է Նիգերի ղեկավար: Նրա գլխավորությամբ՝ գվարդիան իշխանությունից հեռացրել է նախագահ Մոհամեդ Բազումին։
Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Եվրամիությունը դադարեցնում է ֆինանսական աջակցությունն ու անվտանգության ոլորտում համագործակցությունը Նիգերի հետ:
ԵՄ-ն, ԱՄՆ-ն և այլ երկրներ կոչ են արել կալանքից ազատել երկրի ընտրված նախագահ Մոհամեդ Բազումին և վերականգնել ժողովրդավարական կարգը:
ՄԱԿ-ն էլ հայտարարել է, որ կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել երկրին և զարգացման ծրագրեր իրականացնել՝ չնայած երկրում հակասահմանադրական իշխանափոխությանը: