«Ժողովուրդ». Հայկ Մարությանի կողմից թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարությունն ուշացնելն արդեն իսկ լրջորեն ազդել է նրա վարկանիշի վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի շրջապատի որոշ ներկայացուցիչներ ջանք չեն խնայում համոզելու, որպեսզի վերջինս հայտարարի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին: Ըստ մեզ հասած լուրերի՝ այս առումով հատկապես ակտիվ են նրա նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանն ու Արտակ Գասպարյանը՝ Արտաչոկը, որը նախկին «կավեենշիկ» է ու հայտնի է Ռուսաստանում իր կապերով (նա կարճ ժամանակ զբաղեցրել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնը):
Ըստ շրջանառվող լուրերի՝ Հայկի քաղաքական թիմի ու ավագանու նույնիսկ նախնական ցուցակ կազմելու հարցում են դժվարանում. գործընթացն ընթանում է շատ դանդաղ ու անհաջող. նույնիսկ Մարությանի շնորհիվ հանկարծ լուրջ պաշտոն ստացած մարդիկ են ցրվել տարբեր կողմեր ու չեն ցանկանում կոմֆորտ գոտուց դուրս գալ և դառնալ ընդդիմություն այս իշխանություններին, կարճ ասած՝ «թռել են Հայկի թիմից»:
Հանրային կարծիք ուսումնասիրող ընկերություններից մեկի մեր աղբյուրը փոխանցեց, որ Հայկ Մարությանի կողմից թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարությունն ուշացնելն արդեն իսկ լրջորեն ազդել է նրա վարկանիշի վրա, մասնավորապես՝ անցած շաբաթ անցկացված հարցումները ցույց են տալիս, որ նրա վարկանիշը գրանցել է ամենացածր մակարդակը՝ վերջին երկու տարիների նմանատիպ հարցումների համեմատ, ու օգոստոսին, ամենայն հավանականությամբ, նա այլևս չի լինի երկրորդ տեղում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում