«Ժողովուրդ». Իշխանությունները որոշել են խորհրդարանը վերածել ժամանցի վայրի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայրենի իշխանությունները որոշել են խորհրդարանը վերածել ժամանցի վայրի: Իշխող քաղաքական ուժի նախաձեռնությամբ՝ ԱԺ բակում բացօթյա սրճարան կբացվի: Թե որքանով է արդյունավետ ծախս անել և մի քանի ամիս աշխատելու համար բացօթյա սրճարան կառուցել, դժվար է ասել: Համենայնդեպս, ԱԺ ճաշարանի աշխատակիցները մշտապես դժգոհում են քիչ առևտրից: Այս օրերին ԱԺ-ում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ԱԺ բակը քարուքանդ են արել, որպեսզի բացօթյա սրճարան կառուցեն:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանձնարարել է, որ մինչև ԱԺ նոր նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերը, սրճարանն արդեն պատրաստ լինի: Հավանաբար խորհրդարանականները որոշել են աշխատանքը համատեղել ժամանցի հետ. երբ շատ աշխատելուց հոգնեն, իջնեն դուրս՝ ԱԺ սրճարան՝ հանգստանալու և սրճելու: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանին՝ հասկանալու, թե ինչ նպատակով և ինչ միջոցներից, որքան գումար է ծախսվում սրճարանը կառուցելու համար, բայց դեռ արձագանք չկա:
Տեղեկացանք, որ լրատվական ծառայության ղեկավար Լաուրա Անտոնյանը, ԱԺ աշխատկազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, պատգամավոր Հասմիկ Հակոբյանը և ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը մեկնել են Հունաստան՝ հանգստի: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Իբիցայում է և հրապարակավ կարծիքներ է հավաքում իր նոր ակնոցի վերաբերյալ՝ «Սազո՞ւմ է»: Այո՛, սազում է, գնե՛ք, միայն այլ գնումներ չցուցադրեք:
Հ.Գ. Ուշ երեկոյան ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը մեզ փոխանցեց, որ այն լինելու է բացօթյա ճաշարան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան