Սենատի հավանությանն արժանացած ԱՄՆ պաշտպանության բյուջեն մոտ 900 միլիարդ դոլար է
ԱՄՆ Սենատը, ուր մեծամասնությամբ դեմոկրատներ են, ձայների 86 կողմ և 11 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել երկրի պաշտպանական հատկացումների մասին ակտին, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
ԱՄՆ ռազմական կարիքների վերաբերյալ փաստաթղթերի ընդունումը պատճառ հանդիսացավ Ներկայացուցիչների տունը վերահսկվող հանրապետականների ու դեմոկրատների առճակատման, թե որոնք պետք է լինեն առաջնահերթությունները ռազմական նոր բյուջեում։
Այդուհանդերձ, Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը բարձր է գնահատել բանավեճը՝ նշելով, որ 98 ուղղումները գրեթե հավասարաչափ հեղինակել են դեմոկրատներն ու հանրապետականները։
«Պաշտպանության հատկացումների մասին ակտը և երկկուսակցական գործընթացը, որի միջով մենք անցանք, պետք է հույս տա Ամերիկայի ժողովրդին, որ երկկուսակցականությունը կենդանի է և շարունակում է գործել Սենատում»,- հայտարարել է Շումերը:
Ուշագրավ է, որ 886 միլիարդ դոլարանոց օրինագիծը սահմանափակումնր է նախատեսում ԱՄՆ ընկերությունների համար, որպեսզի նրանք չկարողանան ներդրումներ կատարել, օրինակ, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտներում գործող չինական ընկերություններում։
Փաստաթուղթը նախատեսում է զինվորականների աշխատավարձերի բարձրացում 5,2%-ով և 300 միլիոն դոլարի հատկացում Ուկրաինային` հետ մղելու ռուսական ագրեսիան։
«Այս օրինագիծը մեր ամենամեծ հնարավորությունն է՝ կարևորել մեր մրցակցությունն այնպիսի հակառակորդների հետ, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը։ Սա մեր հնարավորությունն է՝ Բայդենի վարչակազմի ուշադրության կենտրոնում պահելու այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսին Ամերիկայի ռազմաարդյունաբերական համալիրի վերակառուցումն է»,- ասված է Սենատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելի հայտարարությունում:
Սենատը, սակայն, մերժել է մի քանի առաջարկներ, որոնք նախապես ստացել էին երկու կուսակցությունների աջակցությունը։
Մասնավորապես, հավանություն չի ստացել դեմոկրատ սենատոր Էմի Կլոբուչարի նախաձեռնությունը՝ ԱՄՆ-ում բնակության թույլտվություն տրամադրել 80 հազար աֆղանցիների, ովքեր տեղափոխվել են Միացյալ Նահանգներ` Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո։
Ձախողվել է նաև Ուկրաինային տրամադրվող օգնության հարցերով գլխավոր տեսուչի պաշտոն ստեղծելու հանրապետականների փորձը։ Ընդ որում, ամերիկյան որոշ պետական գերատեսչություններում արդեն կան օգնության համար պատասխանատու գլխավոր տեսուչների պաշտոններ:
«Ամերիկյան ժողովուրդն արժանի է, որ յուրաքանչյուր դոլարը հաշվվի, և այս ուղղումը կուժեղացնի մեր երկարամյա ջանքերը` թափանցիկ վերահսկողություն ապահովել Ուկրաինային ցուցաբերվող ԱՄՆ օգնության բոլոր կողմերի վրա», - հայտարարել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական անդամ Ջիմ Ռիշը:
Այս ամսվա սկզբին Ներկայացուցիչների տունը 219 կողմ և 210 դեմ ձայների նվազագույն տարբերությամբ ընդունեց ԱՄՆ պաշտպանական բյուջեի իր տարբերակը: