Նորից ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է անտառապահի վրա․ Նազելի Վարդանյան
«ՀՀ Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում է տեղի ունեցել։ Հանդիպման ընթացքում բուռն քննարկվել է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող 6 ՊՈԱԿ-ների և Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարում ընդհանուր ծառայության միջոցով սպասվող բարեփոխումը։ «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ մասնակցել է քննարկմանը։
«Օրենքը շատ հում է, նույնիսկ վերնագիրն առարկային չի համապատասխանում՝ նշված է՝ «Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն», բայց այն անտառների պահպանության մասին է։ Նպատակ ունեն անտառային պետական կոմիտեն վերափոխել շրջակա միջավայրի պահպանության, որը , կարծում եմ, սխալ է։ Օրենքն էլ վերագրին համապատասխան չի կարգավերվել, քանի որ շրջակա միջավայրի պահպանությամբ չի զբաղվելու, միայն՝ անտառներով»,-ասաց ՀԿ ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է անտառային ծառայության հիմնմանը, ապա Վարդանյանի խոսքով՝ սա նորություն չէ։ Նման ծառայության ստեղծման մասին անտառային օրենսգրքում վաղուց գրված է։
«Բայց այն գաղափարը, որը պետք դրվեր անտառպահպանության ծառայություն ստեղծելու մեջ, ես չտեսա։ Առաջինը պետք է լինի գործառույթների տարանջատում, օրինակ՝ կառավարման, հսկողության և վերահսկողության։ Այս տարանջատումներն օրենքում արտացոլված չեն։ Այն լիազորությունները , որոնք տրվելու են անտառային պահակային ծառայողներին նույնն է,ինչ կատարում են այսօրվա անտառապահները։ Նրանք պետք է լայն իրավազորություններով օժտված լինեն։ Օրինակ՝ այսօրվա ճանապարհային պարեկային ծառայողին տրված է ակտ կազմելու իրավասություն, այս դեպքում այդ իրավասությունը տրված չէ։ Գրված է , որ ծառայողը պետք է հանցագործին կամ իրավախախտին «բռնի», որը նույնիսկ իրավական տերմին չէ, արձանագրություն կազմի և հանձնի իրավապահ մարմիններին։ Կարևոր իրավասությունները՝ ակտ կազմելը, պատասխանատվության ենթարկելը, վարչարարություն անելը, տրված չեն։ Ստացվում է, որ նորից ամբողջ պատասխանատվությունը, դժվարությունն ու ռիսկն ընկնելու է անտառապահի վրա, որը լինելու է գույքի պատասխանատուն»,- ասաց Վարդանյանը։
Ըստ Նազելի Վարդանյանի՝ օրենքի վրա շատ աշխատաելու տեղեր կան։
Նա դրական է համարում այն, որ 24 ժամյա հսկողություն է լինելու, սակայն նշված չէ,թե տոնական կամ ոչ աշխատանքային օրերին, ովքեր են կատարելու այդ աշխատանքը։
ՀԿ ներկայացուցիչը նշեց, որ առաջարկներ տեղում ներկայացնել է, թեև առանձին հոդվածների մասով նորից պատրաստվում է առաջարկություններ ներկայացնել։