Զելենսկու գրասենյակը ուկրաինացիներին խորհուրդ է տվել պատրաստվել ծանր ձմռանը
Առաջիկա ձմեռն ուկրաինացիների համար ավելի բարդ կլինի, քան անցյալ տարի: «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, ուկրաինական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Մեզ արդեն զգուշացնում են, որ հաջորդ ձմեռը կարող է ավելի ծանր լինել, քան նախորդը։ Մեկնարկային դիրքերը շատ ավելի վատ կլինեն, քան անցյալ տարի: Չէ՞ որ այն ժամանակ կար հավասարակշռված լիարժեք համակարգ, որն աշխատում էր տասնամյակներ շարունակ»,- մանրամասնել է նա։
Նրա խոսքով, քաղաքացիները պետք է ձեռքի տակ ունենան տաքացուցիչներ և այլ սարքավորումներ՝ ցուրտ եղանակը հաղթահարելու համար։
Նախօրեին «Ուկրէներգո»-ն ուկրաինացիներին խորհուրդ էր տվել վնասված ենթակառուցվածքների վերանորոգման պատճառով էլեկտրաէներգիայի գեներատորներ կուտակել, ինչպես նաև զգուշացրել էր ձմռանը էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների մասին: Էներգետիկ ընկերության ղեկավար Վլադիմիր Կուդրիցկին հայտարարել է նաև ցանկացած հնարավոր սցենարի պատրաստվելու անհրաժեշտության մասին: