Այս բլոկադան միայն հումանիտար չէ, այն զուտ ուտելիքի մասին չէ, այն քաղաքական ու պատմական հիմքեր ունի. Վարդանյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրում է.
«Ավելի քան յոթ ամիս շարունակվող բլոկադայի ընթացքում Ադրբեջանը իր գործողություններով ապացուցում է, որ նպատակ չունի Արցախում խաղաղության հաստատման: Հակառակը ամեն ինչ անում է, որպեսզի հայերը հնարավորություն չունենան արժանապատիվ ու խաղաղ ապրել իրենց հայրենիքում: Արդեն ավելի քան մեկ ամիս է Ադրբեջանը թույլ չի տալիս ո՛չ խաղաղապահներին, ո՛չ Կարմիր Խաչին առաջին անհրաժեշտության ապրանքներ ներմուծել Արցախ: Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ: Շատ կարևոր է, որ միջազգային ճնշումը Ադրբեջանի նկատմամբ աճի, որովհետև դա հնարավորություն կտա կանխել Ադրբեջանի վարած էթնիկ զտման ու բռնի տեղահանման քաղաքականությունն Արցախում:
Միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն 30 000 երեխաների, 20 000 տարեցների, բազմաթիվ հղի կանանց շրջանում խորացող հոգեբանական ու բարոյական լուրջ խնդիրները կանխելուն: Այս բլոկադան միայն հումանիտար չէ, այն զուտ ուտելիքի մասին չէ, այն քաղաքական ու պատմական հիմքեր ունի, որոնց անտեսումը որևէ կերպ չի նպաստելու արցախյան բարդ հակամարտության լուծմանը:
Անկախ Ադրբեջանի վարած գործողություններից մենք հաստատակամ ենք մեր հողում ազատ ու արժանապատիվ կյանք կառուցելու նպատակի մեջ և մենք այդ նպատակից չենք հրաժարվելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան