Դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը երկու ամսով կալանավորվել են
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։ Երկու ամսով կալանավորել է նաև նրա հայրը՝ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը Panorama.am-ը տեղեկացավ Գլխավոր դատախազությունից։
Դատախազությունից նաև հայտնեցին, որ նույն գործով գործարար Ա.Պ.-ն, ում նկատմամբ նույնպես հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ու միջոցներ էին ձեռնարկվում հայտնաբերելու ուղղությամբ, հայտնաբերվել է, ձերբակալվել, ներկայացվել է կալանքի միջնորդություն։
Հիշեցնենք, որ երեկ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն . «Քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ն, վերջինիս որդի, դիրիժոր Ս.Ս.-ն և գործարար Ա.Պ.-ն 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:
Հսկող դատախազի 2023 թվականի հուլիսի 27-ի որոշումներով՝ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), Ս.Ս.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) և Ա.Պ.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն):
2023 թվականի հուլիսի 29-ին Ա.Ս.-ն և Ս.Ս.-ն ձերբակալվել են: Միջոցներ են ձեռնարկվում Ա.Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան