Վանաձորում թմրանյութեր տեղադրողների գործն ուղարկվել է դատարան
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական երկու վարույթների շրջանակներում իրականացված քննչական, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են «Տելեգ-րամ» սոցիալական ցանցի միջոցով, իրացման նպատակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր:
Քննչական կոմիտեից մանրամասնում են՝ քրեական վարույթներից մեկի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը, «Տելեգրամ» սոցիալական ցանցի համապատասխան ալիքի էջում ծանոթանալով թմրամիջոց ձեռք բերողի համար թմրամիջոցներ թաքցնողի աշխատանքի հայտարարությանը, նշված ալիքը վարող, ինքնությունը դեռևս չպարզված անձի հետ ձեռք է բերել հանցավոր պայմանավորվածություն: Ըստ այդմ՝ երիտասարդը, թաքցված զգալի չափերով՝ ընդհանուր 3,41 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ 8 փաթեթներով, և մանր չափ չհանդիսացող 0,31 գրամ հաստատուն քաշով տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ տեսակի թմրամիջոցը՝ 1 փաթեթով, դրամական վարձատրություն ստանալու նպատակով, թաքստոցից վերցրել ու դրանցից 3-ը պահել է Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում: Մնացած փաթեթները չի հասցրել տեղա-վորել թաքստոցներում, քանի որ հանցանքը կատարելիս նույն օրը ձերբակալվել է: Անձնական խու-զարկությամբ նրա մոտից հայտնաբերվել ու վերցվել է դեռևս չթաքցված 6 փաթեթ:
Նշված երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
Մյուս քրեական վարույթի նախաքննությամբ էլ պարզվել է, որ 2023թ․ մարտին 28-ամյա երիտասարդը, մորաքրոջ որդու հետ, թմրամիջոց ապօրինի իրացնելու նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, Լոռու մարզի Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհից, «Տելեգրամ» սոցիալական կայքով գրանցված ալիքի օգտատիրոջից ապօրինի ձեռք են բերել «Մարիխունա» տեսակի թմրամիջոց և իր կողմից շահագործվող ավտոմեքենայով ապօրինի տեղափոխել են Վանաձոր քաղաք, տեղադրել քաղաքի տարբեր փողոցներում, լուսանկարել դրանք և «Տելեգրամ» սոցիալական կայքով ուղարկել նշված օգտատիրոջը։ Դրանից հետո տեղադրված փաթեթների համար նրանց բանկային հաշվեհամարին փոխանցվել է յուրաքանչյուր փաթեթի հաշվակով նախապես պայմանավորված ընդհանուր գումարը, որը եղբայրները կանխիկացրել են և հավասարապես բաժանել։
ՔԿ փոխանցմամբ, նախաքննության ընթացքում պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը 18 տարեկանից օգտագործում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ գնելով «Տելեգրամ» կայքից, ավելին՝ ինքը ևս գրանցված է այդ կայքում՝ կեղծանվամբ։
Դեպքից մոտ մեկ ամիս առաջ «Տելեգրամ» հավելվածում տեսել է այլ անվամբ գրանցված կայքը, որի օգտատիրոջ հետ պայմանավորվել է կայքի միջոցով նրանից գնել և Վանաձոր քաղաքի տարբեր վայրերում տեղադրել թմրամիջոցի չափաբաժիններ՝ տեղադրված և նկարված յուրաքանչյուր փաթեթի համար վճարի դիմաց։
28-ամյա երիտասարդը որոշել է այդ գործընթացում ներգրավել նաև 23-ամյա եղբորը, ինչին վերջինս համաձայնել է։ Վերջիններս 2023թ․ մարտի 29-ին որոշել են թմրանյութ օգտագործել, որի նպատակով գնացել են Վանաձոր քաղաքի թաղամասերից մեկը, վերցրել են իրենց կողմից տեղադրված փաթեթներից երկուսը, սակայն հանցանքի պահին ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել են։
Երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 28-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ վերջինիս եղբոր նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Քրեական նշված վարույթներով երեք երիտասարդների մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ողւարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։
Տելեգրամյան ալիքով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված, ինքնությունը չպարզված վերոհիշյալ օգտատերերի, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:
«ՀՀ քննչական կոմիտեն կրկին հանրությանը, հատկապես՝ դեռահասներին և երիտասարդներին, զգուշացնում է, որ ապօրինի թմրամիջոցների առցանց վաճառքով զբաղվող անձանց կողմից թմրամիջոցներ ձեռք բերելը և ֆինանսական վարձատրության դիմաց այլ վայրերում տեղադրելը շահադիտական նկրտումներով թմրամիջոցների ապօրինի իրացում է։ Վերջինս ծանր հանցագործություն է, որի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ մինչև ազատազրկում 8 տարի ժամկետով։
Հորդորում ենք ձեռնպահ մնալ հանցագործներին օժանդակելու վարքագծից և անխոսափելիորեն քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարից»,-նշում են կոմիտեից։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա