Ալթայում «Մի-8» ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի
Ալթայում ուղղաթիռի վթարից հետո հոսպիտալացված կանանցից մեկը մահացել է Բառնաուլի հիվանդանոցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է տարածաշրջանի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
«Չնայած բժիշկների ջանքերին, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կանանցից մեկը՝ մինչև 95% ջերմային վնասվածքներով, հանգստյան օրերին մահացել է: Տուժածին միացված էր արհեստական շնչառության ապարատ։ Այսպիսով, Ալթայում ավիավթարի զոհերի թիվը հասել Է հինգի», - նշել են գերատեսչությունում։
Բժիշկները շարունակում են վերահսկել ևս երկու հիվանդի վիճակը։
Մեկ այլ կնոջ վիճակը նույնպես բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։
Հիշեցնենք, որ «Ալթայ Ավիա» ավիաընկերության «Մի-8» ուղղաթիռը կործանվել է Գորնո-Ալթայսկի մոտ։ Ուղղաթիռը էքսկուրսիոն խումբ էր տեղափոխում։ Վթարի պահին ինքնաթիռում եղել է զբոսաշրջիկների խումբ և անձնակազմի երեք անդամ։
ԱԻՆ-ի նախնական տվյալներով` Մի-8–ը վայրէջք կատարելիս դիպել է էլեկտրական լարերին և այրվել։