Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել հանցագործության հետ կապ չունեցող այս պատմությունը. Արմեն և Սերգեյ Սմբատյանների պաշտպան
Արմեն և Սերգեյ Սմբատյանների պաշտպան Երվանդ Վարոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանի և Հայաստանի վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանի կողմից 10 տարվա վաղեմությամբ «ահասարսուռ խարդախությանը» մասնակից լինելու, 3 տարի արդեն քննվող վարույթով նրանց ձերբակալելու մասին դատախազության տարածած հաղորդագրությունից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում լրագրողներից, ընկերներից, պարզապես սրտացավ անծանոթ քաղաքացիներից կատարվողը մեկնաբանելու խնդրանքով։
Սիրելի հայրենակիցներ, ես փաստաբան եմ, իրավաբան եմ, ես չեմ կարող մեկնաբանել ձեզ հրամցվող իրավական շիլափլավը։ Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել երևակայության բոլոր սահմաններն անցած «խարդախության» մասին չափածո ստեղծագործությունը, որտեղ անգամ իբր որպես վնաս հաշվարկված 166 միլիոն դրամը էկվիլիբրիստիկ հնարքով ներկայացվում է 966 միլիոն թվի տեսքով, հավանաբար ավելի ահասարսուռ տեսք տալու համար ստեղծագործությանը։ Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել հանցագործության հետ կապ չունեցող մի պատմություն, որին պաշտպանյալներս առհասարակ չեն առնչվել։ Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել Հայաստանին ամբողջ կյանքում ծառայած, Հայաստանի անունն ու համբավը բարձր պահած, ստեղծագործող տաղանդավոր մարդկանց հետապնդումը, այսօր աշխարհի բեմերում որպես Հայաստանի ներկայացուցիչ մեծ ներկա ու ապագա ունեցող ամենավառ փայլող աստղերից մեկի կարիերային ուղղված հարվածը, երբ անգամ չեմ պատկերացնում, թե ինչը կարող է լինել այս ամենի պատճառն ու իմաստը։
Այնուամենայնիվ հույս ունեմ, որ ցանկացած աբսուրդ ինչպես սկսվում է, այնպես էլ ավարտվում է։ Իրավական զինանոցում առկա բոլոր հնարավոր միջոցներով խնդիրը բարձրացվելու է հնարավոր բոլոր ատյաններում, վաղ թե ուշ արդարությունը վերականգնվելու է։
Աստված բոլորիս հետ, և թող յուրաքանչյուրս մեր գործածի դիմաց ստանանք համարժեքը»։
Հարակից հրապարակումներ`
- Դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը երկու ամսով կալանավորվել են
- Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ու նրա հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը ձերբակալվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան