Հիմա նույնիսկ չգիտեմ՝ իմ հայրը ո՞ղջ է, սիրտը դիմացե՞լ է, թե՞ էլ չկա. Ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր
«Մայրս, քույրերս, բոլոր հարազատներս գտնվում են Արցախում, այսօր հույսս դուք եք, ձեզանից յուրաքանչյուրը, ինձ միայնակ չթողնեք, խնդրում եմ՝ օգնել հայրիկիս վերադարձնել»,- ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց լրագրողներին ասաց Վերա Խաչատրյանը՝ ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը։
Նա նշեց, որ սա միայն իրենց խնդիրը չէ. «Վագիֆ Խաչատրյանն ամբողջ հայ ժողովրդի կերպարն է, Արցախն ու Հայաստանն է Ադրբեջանում։
«Հայրս հուլիսի 29-ին պետք է տեղափոխվեր Երևան սրտի վիրահատության համար, պետք է շտապ վիրահատվեր։ Ուղեկցում էր քույրս։ Երբ որ մոտեցել են Հակարիի կամուրջին, պետք է անցնեին անցակետը, այնտեղ բոլորի անձնագրերը նայում են, երբ որ վերցրել են հորս անձնագիրը, այլևս հետ չեն տվել, ասել են՝ գնա սենյակ, այնտեղ հետազոտվի, հետո ասել են՝ տաս րոպեով ուրիշ տեղ պետք է տանեն։ Քույրս խնդրել է, որ չտանեն հայրիկիս։ ԿԽՄԿ աշխատակիցը դիմադրել է, որ հայրիկիս չտանեն, իրենց ներկայությամբ հարցաքննեն, ասել են՝ ուժ կգործադրեն, եթե շարունակեն։
Այսպես հայրիկիս նստացնելով մեքենա՝ տարել են անհայտ ուղղությամբ։
Հայրիկիս փաստացի առևանգել են։ Ոչ ես, ոչ մայրս, ոչ հարազատներից որևէ մեկը կապ չի հաստատել հայրիկիս հետ, մինչև հիմա որևէ տեղեկություն չունենք, միայն այն, որ ասել են՝ Բաքվում է ու հիվանդանոցում։
Առաջին օրը քույրիկիս զանգահարել են Կարմիր խաչից, ասել, որ տեսել են հայրիկիս Բաքվի հիվանդանոցներից մեկում։ Կարծես այնքան լավ բան է։ Իսկ ես ուզո՞ւմ եմ, որ իմ հայրը լինի Բաքվի հիվանդանցներից մեկում։ Հայաստան էի բերում հայրիկիս՝ բուժվելու, որ ողջ ու առողջ կվերադառնա իր տուն։ Իմ հայրն իր 68 տարիներն ապրել է արժանապատիվ, իսկ հիմա գնա ու դառնա ադրբեջանցու գերի՞»,- ասաց Վ. Խաչատրյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանն այնպիսի փաստեր է ներկայացում, որ բացարձակ իրականությանը չի համապատասխան։
Վ.Խաչատրյանը նաև ասաց, որ իր հայրը չի եղել Սամվել Բաբայանի վարորդը. «Կեղծ լուր է։
Բացի այդ, այն, ինչը ներկայացրել է Ադրբեջանի դատախազությունը, այդ ամենը կեղծ է։ Իսկ համացանցում տարածված նկարները՝ հայրս իբր երիտասարդ տարիքում, դա հայրս չէ, չգիտեմ ում նկարն են տեղադրում։
Բոլորդ օգնենք՝ հայրիկիս ողջ ու առողջ վերադարձնենք։ Այնտեղ կարող էր լինել ոչ թե իմ հայրը, այլ յուրաքանչյուրի հայրը։ Ոչ մեկս ապահովագրված չենք։ Վստահ եմ՝ միասնականությամբ հայրիկիս վերադարձնելու ենք»։
Վ.Խաչատրյանն ասաց, որ իրենք ՄԱԿ-ից պահանջում են տեղեկություն բերել իր հայրիկից։
«Բոլորից պահանջ ունեմ՝ վերադարձնել հայրիկիս, ամեն մեկն իր լծակները թող կիրառի ու հայրիկիս վերադարձնի։ Ինչպես բերել են, հանձնել են ադրբեջանցիներին, այնպես էլ վերադարձնեն։ Իմ հայրը հանցագործ չէ, ոչ մեկն իրավասու չէ իմ հայրիկին հանցագործ անվանել։
Հայրիկիս առողջական վիճակը շատ վատ է, պետք է բաց վիրահատություն տաներ։ Հիմա նույնիսկ չգիտեմ՝ իմ հայրը ո՞ղջ է, սիրտը դիմացե՞լ է, թե էլ չկա»
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել։
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգեր՝ քամու հետևանքով 52 արտակարգ դեպքերի վերաբերյալ
- Ակցիայի մասնակիցները ԿԽՄԿ-ին մինչև 17։30-ը ժամանակ են տվել
- Ո՞ւմ համար է ձեր մանդատը, եթե ոչ ցեղասպանվող ժողովրդի. Արցախցի երիտասարդները փակել են ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մուտքերը
- «Խնդրում եմ, աղերսում եմ բոլորիդ միանալ». ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր
- Պա՛պ, ուժեղ կաց հանուն մեզ ու մամայի․ Վագիֆ Խաչատրյանի դստեր գրառումը
- ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին
- Վագիֆ Խաչատրյանը Բաքվի հիվանդանոցներից մեկում է. Ներսիսյան. «Հետք»
- ԿԽՄԿ. Հնարավորինս շուտ կայցելենք Վագիֆ Խաչատրյանին
- Վագիֆ Խաչատրյանին տարել են անհայտ ուղղությամբ, ԿԽՄԿ-ի ներկայացուցչին հրելով դուրս հանել մեքենայից
- Արցախի քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն ստանալով՝ Ադրբեջանը կտտանքների կնեթարկի նրանց. Արցախի ԱԳՆ
- ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի այս գործողությունը նախապես ծրագրված է եղել, սպառնում են նաև ԼՂ այլ բնակիչների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան