Ջալալ Հարությունյանն է ինձ անձամբ խնդրել, որ Մովսես Հակոբյանը պատերազմի ժամանակ գտնվի Արցախում. Տոնոյան
«Ես շատ հստակ հիշում եմ, որ Արցախում Մովսես Հակոբյանի գտնվելը` թե՛ հրամանատարական կետում, թե՛ այլ վայրերում, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի անձամբ խնդրանքն էր ինձ։ Այսինքն՝ դիմել էր, որ գեներալ Մովսես Հակոբյանը գտնվի և աջակցի ՊԲ հրամանատարին։ Կարող եք դա ճշտել Ջալալ Հարությունյանից»,- ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ւմ ցուցումով է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը 44-օրյա պատերազմի ժամանակ գտնվել Արցախի ՊԲ հրամանատարական կետում։
Դիտարկմանը՝ եղե՞լ է գրավոր հրաման, նախկին նախարարը նշեց, որ ռազմական գործողությունների ժամանակ հնարավոր է փաստաթղթերի առումով խնդիրներ լինել, բայց դա պետք է ստուգել։
Պաշտպանության նախկին նախարարը նաև ասաց՝ որքան հիշում է, այդ օրերին ՀՀ ռազմական տեսչությունը, որի պետը Մովսես Հակոբյանն էր, ստուգումներ էր իրականացնում Արցախում:
Հարցին՝ ո՞ր պաշտոնյաներն են իրավասու ժամանակավոր փոխարինել ԶՈւ ԳՇ պետին, ՊԲ հրամանատարին, զորամիավորումների և զորամասերի հրամանատարներին նրանց բացակայության ընթացքում, Դավիթ Տոնոյանն ասաց, որ ԳՇ պետի փոխարինումն իրականացվում է առաջին տեղակալի կողմից կամ առանձին որոշմամբ, կարգ գոյություն ունի, որը հստակ է և փաստաթղթավորված։
Դիտարկմանը՝ իրավասո՞ւ է արդյոք ՊՆ վերահսկողական ծառայության պետը գտնվել ՊԲ հրամանատարական կետի մարտական կառավարման կենտրոնում, ժամանակավոր փոխարինել և տալ առաջարկություններ, ընդունել որոշումներ օպերացիա վարելու վերաբերյալ, Դավիթ Տոնոյանը նշեց․
«Մովսես Հակոբյանը, թեև գտնվելով ՀՀ ՊՆ ուղիղ ենթակայության տակ, չէր կարող հրամանատարական ուղղահայացում որևէ հրամաններ իջեցնել և, կարծում եմ, որ նա դա չի էլ արել, բայց խորհրդատվություն տալու առումով ես չեմ բացառում։ Բացի դրանից, եթե չեմ սխալվում, հետո նա հիվանդացել է կորոնոավիրուսով և առողջանալուց հետո շարունակել է իր գործունեությունը պաշտպանության նախարարությունում»։
ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին նշեց, որ արդեն ձեռք են բերել նախնական համաձայնություն, որ Ջալալ Հարությունյանը ևս կներկայանա հանձնաժողովին, և այդ հարցերը նաև նրան կուղղվեն։
Դավիթ Տոնոյանն էլ իր կողմից առաջարկեց հանձնաժողով հրավիրել ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին։ «Կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ այն շահարկումները, որոնք կան Շուշիի հետ կապված, անընդունելի են, ուստի, կարծում եմ, որ նա պետք է խոսի»,- նշեց նա։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց՝ եթե իրավական խոչընդոտներ չլինեն, ապա Արզումանյանը նույնպես կհրավիրվի քննիչ հանձնաժողով։
Հարակից հրապարակումներ`
- Չէինք հաշվարկել, որ Թուրքիայի ԶՈւ-ն կարող էր հայտնվել արցախյան թատերաբեմից 25 կմ հեռավորության վրա․ Տոնոյան
- Ռազմական գործողությունները սկսելու օրը որևիցե մեկին հայտնի չի եղել. Դավիթ Տոնոյան
- Մասնակցեք փակ նիստին, հակառակ դեպքում, կխնդրեմ ՀՅԴ-ին և ՀՀԿ-ին այլևս հրապարակային չարտահայտվեն․Դավիթ Տոնոյան
- Դավիթ Տոնոյանը ցանկանում էր, որ ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի հետ քննարկեր հարցեր, ինչը մերժել ենք. Անդրանիկ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան