Վլադիմիր Գասպարյանի պաշտպաններ. Յուրաքանչյուր բան ինչպես կարվում, այդպես էլ քանդվում է
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանական խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Քիչ առաջ հրապարակվեց ՀՀ դատախազության հայտարարությունը, ըստ որի՝ Հսկող դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դստեր վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Վերջին շրջանում ՀՀ դատավազության կողմից միտում է նկատվում յուրաքանչյուր դեպքում աննդհատ շահարկելով Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների անունները ի ցույց դնել նրանց կողմից ենթադրյալ հանցավոր արարքներ կատարած լինելու հանգամանքը, այդ կերպ՝ հասարակության մոտ ստեղծելով բացասական տպավորություն ՀՀ պետականության ստեղծման մեջ կարևոր դեր ունեցող և Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտած ամենահզոր և հիղանակավոր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ։
Ուրախ ենք, որ բոլոր շինծու քրեական վարույթներն արդեն իսկ գտնվում են դատարանում, քանզի բոլորն են ականատես լինելու այդ կարված գործերի քանդման պրոցեսին։
Հ.Գ. Յուրաքանչյուր բան ինչպես կարվում, այդպես էլ քանդվում է։
Վլադիմիր Գասպարյանի պաշտպաններ
Էրիկ Ալեքսանյան
Ալեքսանդր Կոչուբաև»։
Նշենք, քիչ առաջ գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ Վ. Գասպարյանի դստեր գործը հանձնվել է դատարան։
«Հսկող դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր Յ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Յ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելուն կամ վատնելուն հանցակցելը):
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստրը՝ Յ.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Մասնավորապես՝ 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, 2015 թվականի մարտի 7-ի թիվ 490-Ա հրամանով, իր դստերը՝ Յ.Գ.-ին, նշանակել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Այնուհետև, Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 225-Ա հրամանով Յ.Գ.-ն նշանակվել է Ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին: Վ.Գ.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 23-Ա հրամանով՝ Յ.Գ.-ին շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի կոչում, որից երեք օր անց՝ Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 19-ի 248-Ա հրամանով Յ.Գ.-ն կրկին նշանակվել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Ոստիկանության պետի՝ 2018 թվականի մայիսի 10-ի 1388-Ա հրամանով՝ Յ.Գ.-ի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ վերջինս ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից:
Նշված պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, Յ.Գ.-ն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:
Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ն, քաջատեղյակ լինելով Յ.Գ.-ի կողմից ավելի քան երեք տարի՝ 2015 թվականի մարտի 7-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, սահմանված կարգով ծառայության չներկայանալու մասին, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը և Ֆինանսների նախարարություն ուղարկված վճարման հանձնարարագրերը՝ դրանցում ներառելով ծառայության չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած Յ.Գ.-ի տվյալները: Արդյունքում՝ վերը նշված ժամանակահատվածում, Յ.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ (Յ.Գ.-ն ստացել և կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-ասված է դատախազության հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Վստահ ենք՝ Վլադիմիր Գասպարյանն արդարացվելու է․ Հայտարարություն
- Ի դեպ, արդեն շատ եմ խոսում. Վլադիմիր Գասպարյանը՝ իրեն տուն նվիրած սանիկներին օգնելու մասին
- Վլադիմիր Գասպարյան. Բացարձակապես չեմ ընդունում ներկայացված մեղադրանքը
- Փաստաբաններ. Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքները անհիմն են
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան