Կառավարությունն ավագանու ընտրություններով է զբաղված, գլուխը խառն է Արցախի հարցով զբաղվելու համար. Հարցում
Հացի, սննդի պակասի, բացակայության պատճառով հայերն Արցախում՝ մեծեր, երեխաներ, հղի կանայք, ունեն առողջական լուրջ խնդիրներ. սկսել են ուշագնաց լինել հերթերում, երեխաները ծնվում են վաղաժամ ու չեն կարողանում ապրել։ Panorama.am-ը հարցման միջոցով փորձել է պարզել, թե ի՞նչ մտահոգություններ ունեն ՀՀ քաղաքացիները, և, ի վերջո, ի՞նչ պետք է անել։
«Պետք է դուրս գանք բոլորով, ազգովի դուրս գանք, պայքարենք, միջազգային հանրությանը պետք է տեղեկացնենք, էդքան բան»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց. «Ազգովի պետք է հավաքվենք Ռուսաստանի դեսպանատան դիմաց ու մեր բողոքը հայտնենք։ Եթե չինովնիկները, աշխարհի տերերը ելք չեն գտնում, ես ի՞նչ ելք գտնեմ, ի՞նչ ելքի մասին է խոսքը։ Չէ, չեմ տեսնում ուրիշ ելք, մեզ մնում է միայն լավ զինվել. ուրիշ լեզու չի հասկանում Ադրբեջանը»։
«Գերհզոր զենք է պետք ձեռք բերել ու հարցերը լուծել, ուրիշ ոչ մի բան։ Գերհզոր զենք՝ լազերային կլինի, ատոմային կլինի, ատոմային չենք կարող, ատոմայինը մի քիչ բարդ է, ուրիշ ճար չկա, միայն ուժով, զենքով»,-նույն կարծիքին էր մեկ այլ հարցվող։
Քաղաքացիները համոզված են, որ պետք է առաջին հերթին միասնական լինել ու կրկնել տարիներ առաջ արածը։
«Նախևառաջ պետք է միասնական լինել, եթե ուզում ենք հարցերին լուծում տալ և մեր երկիրը պահել։ Հանենք մեր միջից էդ կեղտոտ, դավաճան մտքերը, մեկը մեկին վարկաբեկելու մտքերը, և հասկանանք, որ մենք էսքան տարի պայքարել ենք Արցախի համար և պիտի դեռ պայքարենք մինչև վերջ, միասնական լինենք Արցախի բնակչության կողքին։ Դա միանշանակ, որովհետև մեր ծնողները, մեր նախնիները բոլորը պայքարել են մեր ազգի, մեր կայունության, մեր կայանալու, մեր պահպանության համար, և իրենց կյանքը զոհաբերել են հենց այդ ամենի համար»,-ասաց մեկ ուրիշը։
«Շատ դժվար հարց եք տալիս, հայ ժողովուրդը, որ կարողանար շուտ կաներ, երևի ոչ մի բան չի կարողանում անի, որ այս վիճակում շատ երկար ժամանակ մնում է ժողովուրդը։ Հայաստանի, մեր վիճակից ելնելով՝ չեմ կարող պատասխան տալ»,-ասաց մեկ այլ քաղաքացի։
«Ես մի բան գիտեմ, որ պիտի կանգնեն Արցախի ժողովրդի կողքին, ոնց ուզում է լինի պետք է կանգնեն, թեկուզ վերջին գնով. ուրիշ բան չեմ կարող ասել»,-ընդգծեց հարցվողներից մի կին։
Մի տղամարդ նշեց, որ գործուն քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը, բայց չի անում, քանի որ «զբաղված է».
«Այստեղի հայերն ամեն ինչ էլ անում են, դիմում են բարձրագույն ատյանի բոլոր տեղերը, բայց ոչ մի օգուտ չեն ստանում։ Այսօր Հայաստանի կառավարությոնը պիտի այդ հարցով զբաղվի, ճիշտ չի՞։ Բայց չէ, կառավարությունը ճանապարհաշինությամբ է զբաղված, ավագանու ընտրություններով է զբաղված, գլուխը խառն է, ժամանակ չունի, բայց հուսով ենք լավ կլինի։ Եթե մենք միասնական լինենք, լավ կլինի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան