Սիմֆոնիկ նվագախումբ. Հույս ունենք՝ մինչև քննության ավարտը Սերգեյ Սմբատյանին հնարավորություն կտրվի լինելու ազատության մեջ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները և աշխատակազմը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Հարգելի՛ ընկերներ,
Ինչպես տեղյակ եք, հանրային դաշտում լայն քննարկում են գտել նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի անվան շուրջ ծավալվող տեղեկությունները, որոնք տարակուսանք են առաջացրել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային լսարանի շրջանում:
Մենք անդադար շարունակում ենք ստանալ մեծաթիվ արձագանքներ հայաստանյան և արտասահմանյան գործընկերների, արվեստի աշխարհի հեղինակավոր գործիչների և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ու Սիմֆոնիկ նվագախմբի երկրպագուների կողմից և շնորհակալություն ենք հայտնում սատարման, ջերմ խոսքերի և ընթացիկ իրադարձությունների հանդեպ սթափ մոտեցումների համար:
Համոզված ենք, որ գործընթացի անաչառության և պատշաճության պահպանման դեպքում Մաեստրո Սմբատյանին կընձեռվի հնարավորություն՝ վերականգնելու իր և Հայաստանի համար չափազանց մեծ նշանակություն ունեցող մշակութային գործունեությունը:
Մենք հույս ենք հայտնում, որ բարձրացված աղմուկին շուտափույթ կերպով կփոխարինեն հավասարակշռված տեղեկատվությունն ու վերլուծությունը, կկայացվեն ողջամիտ որոշումներ, և մինչև քննության ավարտը Սերգեյ Սմբատյանին հնարավորություն կտրվի լինելու ազատության մեջ` նվագախմբի կողքին: Ամենայն հարգանքով իրավապահ համակարգի նկատմամբ՝ մենք ցանկանում ենք ընդգծել, որ Մաեստրո Սմբատյանի միջազգային մշակութային ներգրավվածության անխաթարությունը նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի պահպանման խնդիրն է:
Մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում դժվարին պահերին մեր կողքին լինելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ով է Սմբատյանների գործով կալանավորված գործարարը
- Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել հանցագործության հետ կապ չունեցող այս պատմությունը. Արմեն և Սերգեյ Սմբատյանների պաշտպան
- Դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը երկու ամսով կալանավորվել են
- Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ու նրա հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը ձերբակալվել են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին