Ռուբեն Մելիքյան. Խորհուրդ եմ տալիս հետ գնալ և լսել Արմենին, էն ինչ-որ Արմենն ասում էր իրեն ճղելով, էսօր իրականություն է դարձել
Այսօր Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց հասարակական գործիչ, պրոդյուսեր դատարանի դահլիճում հանկարծամահ եղած Արմեն Գրիգորյանի գործով հիմնական դատալսումը։
Դատական նիստում պաշտպանական կողմը հանդես եկավ ապացույցներով։ Ցուցադրվեց Գրիգորյանի մասնակցությամբ մի հաղորդում, որտեղ նա հպարտանում է գյումրեցի լինելով, պատմում, որ օգնել է Գյումրիին։
«Մարդուն մեղադրում են գյումրեցիների նկատմամբ թշնամանք տարածելու մեջ, մի մարդու, որը տեսաք, թե ինչպես է հպարտանում իր գյումրեցի լինելով։ Շատ շատերը չգիտեին, որ նա գյումրեցի է։ Այն մարդիկ, ովքեր իշխանությունների կողմից հրահրված արհեստական թշնամանքի, քարոզի մասնակից են դարձել, չեն իմանում այդ փաստը»,-ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որ ներկայացնում է Արմեն Գրիգորյանի շահերը։
Մելիքյանը համոզված է՝ Արմեն Գրիգորյանի նկատմամբ թշնամանքի քարոզարշավ է իրականցվել։
«Մի մարդու, որը գյումրեցի է, որը հպարտանում է գյումրեցի լինելով, մի մարդու, որը խոսում է այն մասին, որ երկրաշարժից հետո տարիներով աշխատել է և իր բժշկական գործունենությունն է իրականացրել Գյումրիում այն տարիներին, երբ իր KBH-ի տղաների համար ոսկե շրջան էր և կարող էր դա վայելել։
Զավեշտ է, որ այդ մարդուն մեղադրում են շիրակցիների, գյումրեցիների նկատմամբ թշնամանք հրահրելու մեջ այն դեպքում, որ այստեղ ակնհայտից էլ ակնհայտ է, որ խոսքն առհասարակ չի վերաբերել ազգային հատվածին, այլ, բացառապես, քաղաքական բնույթ է կրել։ Ես բոլորին խորհուրդ եմ տալիս հետ գնալ և լսել Արմենին, էն ինչ-որ Արմենն ասում էր իրեն ճղելով, էսօր ցավոք սրտի իրականություն է դարձել, դեռ մի բան էլ ավել»,-նշեց Մելիքյանը։
Նիստի ընթացքում վարույթում որպես փորձագետ ընդգրկված Կարինե Նալչաջյանը հեռացվեց վարույթից, քանի որ դատախազությունը գտել էր մի տեսանյութ, որտեղ հոգեբանը Արմեն Գրիգորյանին ներկայացնում է որպես արժանապատիվ, ազատ մարդ, որը պայքարում է հանուն հայրենիք։
Դատավորն ասաց՝ եթե կասկած կա փորձագետի կողմնակալության վերաբերյալ, ապա այն ենթակա է բացարկի։
«Նշված առնելով նշված հանգամանքը՝ դատարանը որոշում է բավարարել միջնորդությունն ու Կարինե Նալչաջյանին ազատել քրեական վարույթից որպես մասնագետ»,-ասաց դատավոր Մարտիրոսյանը։
Մինչ այդ Մելիքյանը հայտարարեց, որ Նալչաջյանը նման հայտարարություն անում է իրեն տրվող հարցի, ոչ թե իր նախաձեռնությամբ։ Բացի այդ, Գրիգորյանի նկատմամբ մեղադրանքը հրապարակված չի եղել։
Ռուբեն Մելիքյանը խնդրեց հետաձգել դատական նիստը, որպեսզի լրացնեն ապացույցները։
Դատավորը բավարարեց միջնորդությունը, նիստը հետաձգվեց։ Գործով հաջորդ նիստերը նշանակվեցին սեպտեմբերի 22-ին, ժամը 13:30-ին, հոկտեմբերի 10-ին, 17-ին և 25-ին ժամը 10։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Օգոստոսի 1-ին շարունակվելու են լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով հիմնական դատալսումները․ Մելիքյան
- Երկուշաբթի շարունակվելու են լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով հիմնական դատալսումները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա