Ժամանակին զբոսաշրջությունը տոն էր, հիմա՝ ֆաշիզմ․ Սաակաշվիլի
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ ազատազրկված Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հուլիսի 31-ին Ռուսաստանի Սոչի քաղաքից Վրաստանի Բաթումիի նավահանգիստ նավարկած ASTORIA GRANDE զբոսանավին, որը ռուս զբոսաշրջիկների և երաժիշտների էր բերել Վրաստան:
Սաակաշվիլին նշել է՝ ժամանակին զբոսաշրջությունը տոն էր, հիմա զբոսաշրջությունը ֆաշիզմ է: Սաակաշվիլիի խոսքով, նախկինում Բոչելին, Սթինգը, Խուլիո և Էնրիկե Իգլեսիասներն էին, այժմ՝ Դիմա Կալդունը, Սափոնովը, Տրիփոնովը և այլն։
Ի դեպ, Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկություններով՝ ակցիայի 23 մասնակից է ձերբակալվել: Ըստ ՆԳՆ-ի՝ բոլոր ձերբակալվածներին մեղադրում են վարչական իրավախախտում կատարելու համար՝ մանր խուլիգանություն և ոստիկանի պահանջին չենթարկվել։
Ռուսաստանի Սոչի քաղաքից Վրաստանի Բաթումի նավահանգիստ նավարկած ASTORIA GRANDE զբոսանավը, որը ռուս զբոսաշրջիկների էր բերել Վրաստան, հետագա նավարկությունների ցուցակից հանել է Բաթումիի ուղղությունը:
Այսօր՝ հուլիսի 31-ի լուսադեմին, ASTORIA GRANDE-ն հերթական անգամ Վրաստան է բերել ռուս զբոսաշրջիկների։ Հայտնի է, որ նավի վրա եղել են նաև պատերազմի կողմնակիցներ և պուտինամետ ակտիվիստներ: Նավի ժամանմանը զուգահեռ կրկին բողոքի ակցիա է մեկնարկել, որ շարունակվում է մինչ այս պահը:
«Ջիուտի» երիտասարդական շարժումը ժամը 19:00-ին Վրաստանի խորհրդարանի մոտ «Ռուսաստանը թշնամի է, ոչ թե հյուր» խորագրով բողոքի ակցիա կանցկացնի:
Պալաուի դրոշով ASTORIA GRANDE նավը, որը սպասարկում է թուրքական Miray Cruises International զբոսանավային ընկերությանը, հուլիսի 27-ին էլ էր մտել Բաթումիի նավահանգիստ:
Ըստ ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության՝ ASTORIA GRANDE զբոսանավի սեփականատեր ընկերության նկատմամբ ԱՄՆ-ն ու Ուկրաինան պատժամիջոցներ են սահմանել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան