Արցախցի կին. Այսօրվա դեպքը ճաք տվեց իմ տոկունությանը
Արցախցի օգտատեր Ռուզաննա Թադևոսյանը գրում է.
«Առավոտյան 5:30 երեխայիս կերակրելիս լսեցի կրակոցներ, վախեցած արթնացրի ամուսնուս ՝ թուրքը կրակում է...
Տղաս նորից խաղաղ քնեց, իսկ մենք՝ վախը սրտներում, փորձեցինք ինչ-որ բան գտնել համացանցում: Իհարկե կապի բացակայության պատճառով ոչինչ չկարողացանք գտնել և մնում էր սպասել:
Ժամեր անց պարզ դարձավ, որ այս անգամ Փառք Աստծո թուրքը չէր: Տղամարդը անսթափ վիճակում հասել էր հրապարակ և հրացանով կրակ բացել.
-Հաց տվեք տանիմ խոխաս օտե:
Սկզբից անկախ ինձնից կշտամբեցի նրան՝ այս պայմաներում մարդկանց անտեղի վախեցնելու համար, բայց այս՝ գրեթե 8 ամիսների ընթացքում առաջին անգամ չկարողացա զսպել արցունքներս:
Պատկերացնու՞մ եք՝ երևի երեխան սոված է քնել...Պատկերացնու՞մ եք՝ հոգեբանական ինչ ծանր վիճակում պիտի լինես, որ գիշերը խմես, հրացանը վերցնես և գնաս հրապարակ...
Եւ ինքը չէ վատ հայր, որ հաց չի կարողացել գնել, այլ պարզապես հաց չկա: Մարդիկ կիլոմետրով առավոտից իրիկուն, ամբողջ գիշեր հերթ են կանգնում, բայց դատարկաձեռն վերադառնում տուն: Պատկերացում կազմելու համար ասեմ, որ խանութներում սննդի բացակայության պատճառով շատ տներում միակ սնունդը սովորական հացն է մնացել, որը ևս այժմ շատ դժվար է գտնել...
Դիալեզով հիվանդը, ով դեղերի բացակայության պատճառով պետք է շտապ տեղափոխվի բուժման Երևան, հրաժարվում է, պատճառաբանելով որ ավելի լավ է մեռնի սեփական հողում, քան գերության մեջ հայտնվի...
Հղի կինը կորցնում է իր 7 ամսական երեխային՝ թերսնուցման, սթրեսսի և լարվածության պատճառով: Միգուցե եթե վառելիք գտնվեր ավելի վաղ կհասներ հիվանդանոց, և կհասցնեին փրկեին բալիկին...Ավաղ...
Հիվանդանցում պառկած հարազատին սնունդ հասցնելու համար մարդիկ ստիպված են ոտքով արևի տապին հասնել քաղաքի մի ծայրից մյուսը՝ շատ անգամ չիմանալով, թե ինչ տանեն ուտելու, խանութներում ոչինչ չկա, ՈՉԻՆՉ, բացառությամբ տեղական որոշ բանջարեղենի և մրգի, որոնք այնքան թանկ և քիչ քանակության են, որ հերթ կանգնելն էլ անօգուտ է:
Եւ սրանք եզակի դեպքեր չեն ու ամեն ինչ դեռ առջևում է, ցավոք:
Այս ութ ամիսների ընթացքում անընդհատ փորձել եմ ինքս ինձ ուժ տալ և դրական կողմեր գտնել այս ամենում. ավելի հեշտ է որ այստեղ եմ, հարազատներիս մոտ, քան հեռու, լիության մեջ, ապահով և անվտանգ,բայց ամեն դեպքում հեռու...
Այսօրվա դեպքը ճաք տվեց իմ տոկունությանը, մարդիկ գժվում են անճարությունից:
Անկեղծ ասած՝ էլ դիմանալու չի...»։
Հարակից հրապարակումներ`
- Անսթափ քաղաքացին հրացանով կրակել է Ստեփանակերտի կենտրոնում
- Երկու օրից աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը․ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ
- Մի կանֆետ էլ չկա ուտիմ... Արցախցի երեխայի տխրությունը
- Մինչև վառելիքի խնդիրը լուծեցին, հասանք Ստեփանակերտ, արդեն շատ ուշ էր. 23-ամյա Անին հղիության 6-րդ ամսում կորցրել է երեխային
- «Ջուր բերեք, ջուր»․Արցախում ուշագնացության դեպքերն աճում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան