ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի սահմանին առաքելություն ծավալելու հարցին․ ՌԴ ԱԳՆ
ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երևանի պատասխանին։ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:
«ՀԱՊԿ անդամ երկրները երբեք չեն ինքնահեռացվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ դուրս գալու կոնկրետ լուծումների, որոնք թույլ կտան մեր հայ ընկերներին առավելագույնս շահավետ օգտագործել կազմակերպության լայն հնարավորությունները։
Առաջվա պես ակնկալում ենք Երևանի կողմից դրական արձագանք և պատրաստ ենք վերսկսել առարկայական աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ծավալելու առաջարկի, ինչպես նաև մեր դաշնակցին օգնության այլ համատեղ միջոցների շուրջ», - ասել է նա։
Դիավաագետն ընդգծել է՝ Մոսկվայում համոզված են, որ համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային իրավիճակի վրա։ «Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մենք պատրաստ ենք նման կառուցողական աշխատանքի», - նշել է նա:
Միևնույն ժամանակ, Աղասանդյանը հույս է հայտնել, որ Երևանում հասկանում են՝ արևմտյան երկրները փորձում են քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի մերձավոր դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա, որպեսզի «առավելագույն վնաս հասցնեն ՌԴ-ին և նրա դիրքերին Հարավային Կովկասում»:
«Հանուն այդ խնդրի հասնելու, նրանք փորձում են սասանել տարածաշրջանային անվտանգության առկա մեխանիզմները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հնարավորությունների վրա հենվողներ հնարավորությունները։ Հուսով ենք, որ Երևանում դա լավ հասկանում են», - պարզաբանել է դիվանագետը։
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած այլ միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ», որի միջոցով լուծվում է ցանկացած խնդիր։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենաբարդերից է, այն պատմական խորը արմատներ ունի։ Կայուն կարգավորման միակ ճանապարհը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է՝ բանակցությունների, կողմերի փոխադարձ հարգանքի, փոխզիջումների գնալու, պատասխանատու որոշումներ կայացնելու և դրանք կատարելու պատրաստակամության հիման վրա: Այս համատեքստում չեմ կարող չնշել այն առանցքային միջնորդական դերը, որն այս բարդ գործընթացում խաղում են Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը», - նշել է Միքայել Աղասանդյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան