«ԿԽՄԿ-ից պահանջում եմ տեսազանգ ապահովել հորս հետ, միգուցե նա այլևս ֆիզիկապես մեզ հետ չէ»
Մինչ այսօր հորս հետ ոչ մի կապ չենք հաստատել, միայն հուլիսի 29-ի երեկոյան մեզ հայտնել են, որ այցելել են հորս Բաքվի հիվանդանոցներից մեկում: Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ից չեն նշե, թե հայրը կոնկրետ որ հիվանդանոցում է գտնվում։
«Ասել են՝ տեսակցել են, հայրս գտնվում էր լավ վիճակում, սակայն ես չեմ կարող հավատալ ոչ մեկի խոսքին: Ես այսօր պահանջում եմ ԿԽՄԿ-ից ապահովել տեսազանգ հորս հետ, որպեսզի իմանամ, թե հայրս ֆիզիկապես ինչ վիճակում է, հոգեպես ինձ արդեն հայտնի է: Ասում են, որ կարող եք բանավոր խոսք փոխանցել, բայց թե ես, թե հայրս, թե ընտանիքիս մյուս անդամները բանավոր փոխանցելու ոչինչ չունենք, քանզի մենք գիտենք՝ ինչ ենք զգում միմյանց նկատմամբ, ինչ կարող ենք փոխանցել միմյանց:
Դրա համար ինձ այժմ միայն պետք է տեսնել հորս՝ հասկանալու, թե ինչպիսի ֆիզիկական վիճակում է գտնվում: Միգուցե կոմայի մեջ է, դրա համար տեսազանգ չեն ապահովում, կամ միգուցե այլևս ֆիզիկապես մեզ հետ չէ: Դա ամենաանտանելի ցավն է, որ կարող է դուստրը բարձրաձայնել իր հոր մասին, բայց այսօր ես եմ հայտնվել այդ վիճակում: Յուրաքանչյուրը կարող էր լինել իմ տեղը»,- նշեց Վերա Խաչատրյանը։
Նա մեկ անգամ ևս շեշտեց, որ պահանջում են տեսազանգ ապահովել հոր հետ։
«ԿԽՄԿ-ի երաշխավորության ներքո էր հայրս գալիս Հայաստան բուժում ստանալու, ուստի իրենք ևս կրում են պատասխանատվություն հորս առևանգման հարցում»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան