Բաժնետոմսերի առևտրի ծավալն աճել է 226%-ով
2023 թ.-ի հուլիս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2023 թ.-ի հուլիս ամսվա տվյալները։
Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիսին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 73 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 73%-ով:
Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնում են, որ պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը հուլիսին կազմել է ավելի քան 11,7 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 56%-ով: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 49 գործարք։
Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի հուլիս ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 420,6 մլրդ դրամ։
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 2,8 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 265 գործարք։
Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 100։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2,5 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 10%-ով:
Բաժնետոմսերի առևտրի ծավալը ևս աճել է՝ հասնելով մոտ 87,1 մլն դրամի, որը 226%-ով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 7%-ով՝ հասնելով 279,6 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 115 գործարք։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան