Լիլիթ Մակունցի եղբայրն ավազի արդյունահանման բիզնես է սկսել
Վահե Մակունցը 2023թ. հունվար և ապրիլ ամիսներին չորս ընկերությունում մասնակից է դարձել: Ընկերություններն Արմավիրի մարզում ավազի արդյունահանմամբ և վաճառքով են զբաղվում:
Դրանցից մեկը՝ «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ն, մոտ 2 ամիս առաջ է ավազի արդյունահանման թույլտվություն ստացել, սակայն հունվար ամսից ժամանակ առ ժամանակ իրականացրել է ավազի ապօրինի արդյունահանում: Այդ մասին են վկայում Մեծամորի համայնքապետի հարուցած վարչական վարույթները: Սակայն, վերջին վարչական վարույթը կարճվել է, երբ ընկերության մասնակից է դարձել Վ. Մակունցը:
Այդ ընկերությունները ստեղծվել են 2018թ. իշխանափոխությունից հետո: Վահե Մակունցը ոչ թե ընկերությունների հիմնադիրն է, այլ «փայ է մտել» դրանցում՝ «դուրս թողնելով» նախկին իշխանությունների հետ առնչություն ունեցող որոշ անձանց:
Մակունցի բիզնես գործընկերները ևս պատահական մարդիկ չեն. նրանցից մեկը Գագիկ Ջհանգիրյանի խնամին է, մյուսը՝ նախկին առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալը:
Մակունցի մասնակցությամբ ընկերությունները
Վահե Մակունցը 2018թ.-ի իշխանափոխությունից հետո պետական տարբեր պաշտոններ զբաղեցրած Լիլիթ Մակունցի եղբայրն է: 2018-2019թթ.-ին Լիլիթ Մակունցը մշակույթի նախարար էր, 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կողմից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, զբաղեցրել իշխող խմբակցության ղեկավարի պաշտոնը: 2021թ. օգոստոսին նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ 4 տարի ժամկետով:
Այդ ժամանակահատվածում Վահե Մակունցը ևս պետական պաշտոններ է զբաղեցրել: Մասնավորապես, 2021թ. օգոստոսին նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական: Քանի որ Ս. Պապիկյանը նույն տարվա նոյեմբերին ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարար, Վահե Մակունցը կարճ ժամանակ աշխատել է փոխվարչապետ, այժմ՝ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի օգնական: Այդ պաշտոնից ազատվել է 2021թ. դեպտեմբերի 10-ին: Դրանից հետո Վ. Մակունցը տեղափոխվել է Պաշտպանության նախարարություն՝ զբաղեցնելով նախարար Պապիկյանի օգնականի պաշտոնը:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Վահե Մակունցն աշխատանքից ազատվել է 2022թ. դեկտեմբերին: Դուրս գալուց հետո՝ 2023թ. հունվարին, արդեն երկու ընկերության մասնակից է դարձել ու հետագայում ընդլայնել բիզնեսը:
Վ. Մակունցի կենսագրական տվյալների համաձայն՝ հարուստ աշխատանքային փորձ չունի: 2011-2012թթ. աշխատել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում, որպես վարկային մասնագետ, իսկ 2012-2015թթ՝ «Մխիթար Գոշ» համալսարանում, որպես դասախոս: 2021թ.-ին Վահե Մակունցը հայտնվել է Կառավարության աշխատակազմում:
Վահե Մակունցից հետաքրքրվել ենք, թե ինչ գործունեություն է ծավալել 2015-2021թթ.-ին, որի մասին հիշատակում չկա կենսագրականում։ Ի պատասխան՝ նա գրավոր հայտնել է, որ 2015թ.-ից բնակության նպատակով տեղափոխվել է արտերկիր և զբաղվել է բիզնես գործունեությամբ՝ շինարարության ոլորտում: Հիմնական ուղղությունը եղել է շինարարական նյութերի արդյունահանումը, տեղափոխումը և վաճառքը: 2020թ.-ին վերադարձել է Հայաստան և հիմնել ջերմոցային տնտեսություն Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում: Այդ նպատակով 2021թ.-ին կատարել է մոտ 150 մլն դրամի ծախս:
Վահե Մակունցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով 2021-2022թթ.-ին ներկայացրել է գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր: Արդեն նախկին պետական պաշտոնյան հայտարարագրել է որոշ կապիտալ: Մասնավորապես, 2022թ. հայտարարագրի համաձայն՝ Մրգաշեն գյուղում հողամասը և արտադրական նշանակության շինությունը Վ. Մակունցը գնել է 2020թ.-ին: Թե ինչ գնով է ձեռք բերել, մեզ տված գրավոր պարզաբանման մեջ չի նշել, միայն հայտնել է, որ «ձեռք եմ բերել մասնավոր անձից՝ սեփական միջոցներով»:
Ըստ հայտարարագրի՝ Մակունցը բավականին թանկ գնով 2022թ.-ին օտարել է իրեն պատկանող 2007թ. արտադրության «HOWO», 2008թ. արտադրության «RANGE ROVER» և 2011թ. արտադրության «INFINITI» մակնիշի ավտոմեքենաները՝ ընդհանուր 83 հազ. ԱՄՆ դոլար արժեքով: Փոխարենը գնել է «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենա՝ 64 հազ. ԱՄՆ դոլար արժեքով:
Ավտոմեքենաները վաճառել է իջևանցի Արարատ Հովհաննիսյանին: Վերջինիս Վ. Մակունցը նաև 50 հազ. ԱՄՆ դոլար փոխառություն է տվել:
Վահե Մակունցի պարզաբանմամբ՝ նշված ավտոմեքենաները ձեռք էր բերել բիզնես գործունեության նպատակով: Իսկ Արարատ Հովհաննիսյանն իր գործընկերներից է եղել, ում տրամադրել է փոխառությունը՝ վերջինիս անձնական նպատակների համար:
Հայտարարագրի համաձայն՝ Վահե Մակունցը 2022թ. ստացել է 38 մլն 464 հազ. դրամ եկամուտ, որից 34 մլն 282 հազար դրամը «այլ եկամուտ», իսկ մնացած 4 մլն 236 հազարը՝ Պաշտպանության նախարարությունից ստացած աշխատավարձը:
Մակունցը փոխանցում է, որ «այլ եկամուտը» Մրգաշեն գյուղում հիմնած ջերմոցային տնտեսությունից է ստացել, որտեղ ծաղիկ են աճեցնում և վաճառում:
Վահե Մակունցին հարցրել էինք՝ ինչու՞ է որոշել զբաղվել բիզնես գործունեությամբ, այն էլ՝ ավազի, խճի արդյունահանմամբ ու վաճառքով։ Նա նշել է, թե գործունեության ոլորտի ընտրությունը կապված է այն աշխատանքի հետ, որով տարիներ շարունակ զբաղվել է:
Իսկ թե ինչու է որոշել ձեռք բերել արդեն ստեղծված ընկերություններում բաժնեմասեր, այլ ոչ ստեղծել նորերը, Վ. Մակունցը պատասխանում է, թե «այդպես եմ նպատակահարմար համարել»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վահե Մակունցի քույրը գործող իշխանության քաղաքական թիմի անդամ է, ու ինքն էլ է 2018 թ. իշխանափոխությունից հետո զբաղեցրել պետական պաշտոններ, հարցրել էինք՝ արդյո՞ք այդ կապերը չեն օգտագործվել արտոնյալ պայմաններով բիզնես գործունեություն ծավալելու համար, հատկապես հանքարդյունաբերության ոլորտում:
«Ոչ, չեմ օգտագործել: Ընդհակառակը՝ Ձեր նշած հանգամանքն ինձ համար կաշկանդող է եղել, այլ ոչ արտոնություն ընձեռող»,- պատասխանել է Վ. Մակունցը՝ հավելելով, որ չորս ընկերությունում բաժնեմասերը ձեռք է բերել փոխառու և վարկային միջոցների ներգրավմամբ, ինչպես նաև՝ սեփական միջոցների հաշվին:
Նշենք, որ 2022թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Վ. Մակունցի վարկերի մնացորդը կազմել է 66 մլն 614 մլն դրամ»։
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։