Հայաստան կժամանի խոշոր գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը
«Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառման շրջանակում Հայաստան կժամանի խոշոր գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ՝ համախմբելով գիտնականների, հետազոտողների, գործարարների և ներդրողների Հայաստանից և ամբողջ աշխարհից:
«Բացի ներքին աշխատանքից, պետք է ակտիվորեն ձգտենք համագործակցել միջազգային գործընկերների հետ: Այլ երկրների հետ գործընկերության միջոցով մենք կարող ենք բացել նոր շուկաներ մեր գիտնականների համար և տալ նրանց համագործակցության հնարավորություն»,-նշել էէկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Կազմակերպիչների փոխանցմամբ, Նասիմ Նիկոլաս Թալեբը լայնորեն ընկալվում է որպես փայլուն և ոչ ավանդական մտածող, որը մարտահրավերներ է նետում պայմանական իմաստությանը և խրախուսում մարդկանց մտածել շրջանակներից դուրս։
Թալեբն իր ողջույնի խոսքում ընդգծել է՝ ուրախ է մասնակցելու «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառման։
«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այս բացառիկ միջոցառմանը մաս կազմելու հրավերի համար։ Պատիվ և արտոնություն է լինել գիտության և գործարարության օրերի հիմնական զեկուցողը։ Այս միջոցառումը կարևոր հարթակ է Հայաստանի համար, որտեղ գիտնականները հանդիպում են բիզնես առաջնորդների հետ՝ քննարկելու միջդիսցիպլինար համագործակցության կարևորությունը, մեր օրերի մարտահրավերներն ու հնարավորությունները: Հայաստանը՝ հին պատմություն և կենսունակ մշակույթ ունեցող երկիր, այն առանձնահատուկ տեղ է գրավում իմ սրտում: Ինձ միշտ գրավել են քաղաքակրթությունները, որոնք անցել են ժամանակի փորձությունը և անչափ նպաստել մարդկության առաջընթացին: Հայաստանն, անկասկած, քաղաքակրթության այն բնօրրաններից է, որն աշխարհին առաջարկել է անթիվ մտավոր նվաճումներ և գիտնականներ»,-իր խոսքում նշել է Թալեբը։
Այս տարի «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումն անց է կացվելու դեկտեմբերի 1-2-ը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումն առաջին անգամ անց է կացվել 2022 թվականին։ Միջոցառմանը ներկա են եղել ավելի քան 1000 մասնակիցներ, որոնց թվում էին գլխավոր հյուր և բանախոս, Նոբելյան դափնեկիր Արդեմ Փաթափությանը, հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան