Հայաստանում հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման երկու լաբորատորիա
Գրեթե միաժամանակ խուզարկություններ են անցկացվել հանրապետության ամենատարբեր տարածքներում գտնվող 94 հասցեում:
Ոստիկանությունից հայտնում են՝ արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր առմամբ` ավելի քան մեկ կիլոգրամ մարիխուանա, մոտ 124 գրամ մեթամֆետամին, նաև կանեփ, հոգեմետ դեղահաբեր, տարաներով ու փաթեթներով հալյուցինոգեն սունկեր ու կաթուցիչներ: Հայտնաբերվել է նաև տարատեսակ զենք ու զինամթերք:
Հայտնաբերվել է նաև թմրամիջոցների պատրաստման համար հարմարեցված երկու լաբորատորիա: Դրանցից մեկը ոչ միայն շատ խնամքով քողարկված էր, այլև ուներ պահեստային ելք:
«Հայտնաբերվել ու առգրավվել են նաև մեծ քանակի էլկտրոնային կրիչներ, համակարգիչներ, պլանշետներ ու բջջային հեռախոսներ, որոնք կարող են պարունակել ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ: Եվ այս ուղղությամբ դեռ անելիք կա»,-նշում են ոստիկանությունից։
Միջոցառման արդյունքում այս պահի դրությամբ կա ձերբակալված 24, կալանավորված 7 անձ: Նախաքննությունն ընթացքի մեջ է, հանցավոր սխեմայի այլ մասնակիցների հայտնաբերման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին