Արցախում իրավիճակը կրիտիկական է հատկապես նեղ մասնագիտական բուժօգնության կարիք ունեցողների համար․ Ավանեսյան
Արցախում իրավիճակը կրիտիկական է հատկապես այն հիվանդների համար, որոնք ունեն նեղ մասնագիտական բուժօգնության կարիք։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ինչքան այս շրջափակման օրերը երկարում են, այնքան ավելի դժվար է տարբերակել տեղափոխման խիստ կարիք ունեցողներին առողջական արդեն լուրջ խնդիրներ ունեցողներից, որոնք ունեն դեղորայքի, բժշկական միջամտության կարիք»,- ընդգծեց նա։
Հարցին՝ արդյոք կապի մեջ է արցախցի գործընկերների հետ և տեղյա՞կ է այն հիվանդների մասին, որոնց կյանքին վտանգ է սպառնում, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Եթե ունենք հեմոդիալիզի կարիք ունեցող պացիենտներ, որոնք որ պետք է շաբաթական 2-3 անգամ ստանան տվյալ ծառայությունը, չկա տրանսպորտ, դեղորայքի ևբժշկական նշանակության պարագաների սուղ կարիք, ապա նշանակում է, որ եթե նրանք չստանան այդ ծառայությունը, իհարկե, կարող է նրանց կյանքին վտանգ սպառնալ»:
Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ կանգնած հայկական բեռներում մեծ մաս են կազմում երեխաների կաթնախառնուրդները։ Ըստ նրա՝ Ստեփանակերտի գործընկերները մայրիկներին հնարավորինս հոգեբանական և այլ աջակցություն են ցուցաբերում, որպեսզի կրծքով կերակրումը հնարավորինս լուծի այս խնդիրը և կաթնախառնուրդի քիչ կարիք լինի։
Ավանեսյանը հայտնեց, որ միջազգային գործընկերներին պարբերաբար ներկայացնում են իրավիճակը՝ պահանջով, որ իրենց մանդատի շրջանակներում իրավիճակին օր առաջ լուծում տրվի։ «Կարմիր խաչը ունի մանդատ իրավիճակներում պացիենտների տեղափոխման, հումանիտար բեռների տեղափոխման, բայց նրա աշխատանքները ևս պարալիզացված են»,- ընդգծեց նա։