Դերասանը՝ քրոջ սպանության մասին. Արդարադատություն անպայման լինելու է
Դերասան Տիգրան Նալչաջյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութեր է հրապարակել վերջերս սպանված քրոջ մասնակցությամբ ու գրել.
«Նոր ֆիլմիս նկարահանման առաջին օրն էր։ Նկարահանում էինք անգլիական այգում։ Պետք է կատու նկարահանեինք։ Նվարդիկիս խնդրել էի, որ բերեր իր կատուներից մեկին։ Այդպես եկավ, բավական երկար մնաց մեզ հետ, հետո կատվին վերցրեց, որ գնա։ Գրկեցի, պաչեցի, գնաց ու դա եղավ իմ հրաշք քույիկի հետ վերջին համբույրն ու գրկախառնությունը...
Փառք Աստծո, որ բեքսթեյջի այս վիդեոները կան, որոնք երեկ եմ հայտնաբերել։
Նվարդը բացառիկ կերպար էր՝ իր բարությամբ, ինտելեկտով, աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ։ Դա փաստում են բոլոր նրան ճանաչողները։
Շատ սիրված էր իր շրջապատի կողմից։ Մեծ հայրենասեր էր ու պատրաստվում էր նոր պատերազմի, որին անպայման մասնակցելու էր։ Անցել էր ՈՄԱ-ի ուսումնամարզական բոլոր փուլերը, միշտ գնում էր Ազատազեն կրակելու, զբաղվում էր մարտարվեստներով։ Նրա գլխավոր ներշնչանքի աղբյուրները մեր հերոսներն էին։
Շատ էր հպարտանում ինձնով, որպես 44-օրյայի մասնակցի և դրանով ավելի էր ոգևորված, որ պատերազմ լինելու դեպքում առաջիններից մեկն է գնալու առաջնագիծ։
Այս և այլ գրառումերում քրեական գործին անդրադառնալ չեմ ուզում։ Միայն կասեմ, որ արդարադատություն լինելու է։ ԱՆՊԱՅՄԱՆ ԼԻՆԵԼՈՒ Է»։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր՝ 42-ամյա կինը սպանվել է հունիսի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում։ Դեպքի օրը տուժողը Փարաքարում հանդիպել է իր 18-ամյա ծանոթի հետ։ Կնոջը պատկանող ավտոմեքենայով նրանք շրջել են, ապա մեքենան կայանել «Ծիրանանոց» կոչվող հատվածում։ Երիտասարդը, 42-ամյա կնոջը պատկանող «I phone 13 pro max» մոդելի հեռախոսին տիրանալու և նրա ավտոմեքենան շահագործելու շահադիտական դրդումներով, սպանելու դիտավորությամբ, աջ ձեռքով բռնել է կնոջ պարանոցից, և, ձախ ձեռքը դնելով նրա գլխի հետին հատվածին, հրելու և պարանոցը սեղմելու միջոցով, կատարել է խեղդող հնարք՝ ապօրինաբար կյանքից զրկելով նրան:
Ապա 18-ամյա երիտասարդը կպչուն ժապավենով կապել է տուժողի ձեռքերը, ոտքերը և բերանը, մեքենայով նրան տեղափոխել Փարաքար համայնքի գերեզմանատանը հարակից տարածքում գտնվող, չշահագործվող քարի արտադրամաս։ Դին հրելով գցել է տարածքում առկա ձորակը, քարերով ծածկել և, վերցնելով կնոջ բջջային հեռախոսը, վերջինիս ավտոմեքենայով հեռացել այդ վայրից։ Հունիսի 20-ին նա ընկերոջ միջոցով վաճառել է 42-ամյա կնոջը պատկանող «I phone 13 pro max» մոդելի հեռախոսը, դրա դիմաց ստացել 200.000 ՀՀ դրամ գումար, իսկ ավտոմեքենան շահագործել իր կարիքների համար։
Նախաքննության ընթացքում երիտասարդի մասնակցությամբ դեպքի վայրում կատարվել է քննչական գործողություն, որի ժամանակ հայտնաբերվել է 42-ամյա կնոջ դիակը:
Ձեռք բերված փաստերի հիման վրա 18-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Դաժանությամբ սպանված կինը դերասան Տիգրան Նալչաջյանի քույրն է
- Iphone-ին ու մեքենային տիրանալու համար 18-ամյա երիտասարդը սպանել է 42-ամյա կնոջը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա