«Ժողովուրդ». Հայաստանը վերածվել է գաղտնալսումների երկրի. անգամ գաղտնի չեն կարող խոսել դատախազները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ Կոտայքի և Արմավիրի մարզերի դատախազները չեն պատրաստվում լռել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատախազները դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը գաղտնալսել է մարզի դատախազներին, որի արդյունքում աշխատանքից ազատեց Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին և Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ուժային կառույցները Հայաստանում աշխատում են գաղտնալսման պայմաններում: Իսկ ի՞նչ են լսել իրավապահները երկու դատախազներին գաղտնալսելիս: Արմավիրի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին և Կոտայքի դատախազ Ապրես Գրիգորյանին լսելիս պարզել են, որ դատախազները նեղսրտած խոսել են, քննադատել ու տարբեր կարծիքներ արտահայտել Արմավիրի դատախազ Վահան Սարգսյանի և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։
Այս ներքին քննարկումն էլ ճակատագրական է դարձել երկու դատախազների համար, ու նրանց լիազորությունները գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դադարեցրել է ու սկսել ծառայողական քննություն։ Սակայն այսքանով Դատախազությունում «վհուկների որսն» ու ներքին պառակտումները չեն ավարտվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ ԱԱԾ-ն այս գաղտնալսման արդյունքում մտել է Կոտայքի ու Արմավիրի մարզերի դատախազություն, դատախազներին պառկեցրել գետնին ու սկսել գործողություններ:
Այստեղ էլ հասունացել է դրամայի երկրորդ մասը. Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի գործելաոճը դատախազների մոտ սկսել է քննարկվել Սերժ Սարգսյանի գործը քննող դատախազ Արսեն Մարտիրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատախազ Պետրոս Պետրոսյանի հետ ունեցած խոսակցությունների ժամանակ: Նրանք ոչ այդքան հաճելի կարծիքներ են արտահայտել Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի, ինչպես նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։ Այսպիսով, դատախազները ներքին միջանձնային խոսակցության համար ազատվել են աշխատանքից:
Այլ կերպ ասած, Հայաստանը վերածվել է գաղտնալսումների երկրի, որտեղ քաղաքական իշխանությանը ընդդիմացողների խոսքի ազատությունը ոտնահարվում է. անգամ գաղտնի չեն կարող խոսել դատախազները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում