Գայանե Ներսիսյան. Երկիրը կործանվում է, իսկ իշխանությունները խրախճանք են կազմակերպում
«Այլևս հնարավոր չէ հանդուրժել անբարո արարքները, որը մենք հինգ տարի շարունակ տեսնում ենք։ Ի՞նչ է նշանակում այս ծայրահեղ, օրհասական վիճակում, երբ մարդիկ, երեխաները սովամահ են լինում, մի քանի մլն դոլար տալ ու ինչ-որ երգչի հրավիրել Հայաստան»,-կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից Գայանե Ներսիսյանը։
Նրա խոսքով, երկիրը կործանվում է, իսկ իշխանությունները խրախճանք են կազմակերպում, մինչդեռ այս գումարները պետք է ուղղվեցին ռազմարդյունաբերության զարգացմանը։
«Մեզ ձե՞ռ են առնում, ի՞նչ է։ Գիշեր-ցերեկ այս ազգին ձեռ են առնում։ Բավական է արդեն, այլևս հնարավոր չէ, այս անբարո արարքները տանել։ Կարծում եմ, ոչ մի ժողովուրդ չէր հանդուրժի նման իրավիճակ»,-վրդովմունքը հայտնեց ակցիայի մասնակից կինը։
Ակցիայի ընթացքում ընթեցվեց «Կամք» նախաձեռնության հայտարարությունը, որը Հայաստանում տարատեսակ փառատոների անցկացումը համարում է բյուջեի մսխում։
«Հորդորում ենք աննպատակ չմսխել բյուջեի փողերը։ Բյուջեի հաշվին չհրավիրել տարատեսակ երգիչների, համաշխարհային աստղերի։ Հիմա մեզ այլ բան է հարկավոր։ Ուժերն ու միջոցները պետք է համախմբել, որ կարողանանք դիմագրավելու գալիք պատերազմին։ «Կամք» ՀԿ-ն պահանջում է առկա ռեսուրսներն ուղղել Հայաստանի ռազմարդունաբերության զարգացմանը, որը կնվազեցնի դրսիզ կախվածությունը, կզարգացնի տեղական արդյունաբերությունը։ Ականջալուր եղեք մեր կոչին, քանի դեռ ուշ չէ»,-ասված է հայտարարության մեջ։
Դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը պնդում է՝ այս իշխանությունը սպանում է հայ միտքն ու ոգին։
«Մեր երիտասարդները մեծանալու են մանկուրդ, հաջորդ սերունդը չի էլ հասկանալու՝ ով է Կոմիտասը, չի ունենալու ազգային մտածողություն ու դառնալու է ավելի կառավարելի։ Այն ժողովուրդը, որ զրկված է մտածելու հնարավորություից, որ կորցրել է ազգային ինքնասիրությունն ու ինքնագիտակցումը, դատապարտված է պատմության թատերաբեմից հեռանալուն»,-ասաց նա։