Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ընտրողների թիվը նվազել է մոտ 25 հազարով
Հուլիսի 14-ի դրությամբ Երևանում կա 823 հազար 559 ընտրող։ Երևանի քաղաքապետի նախորդ ընտրություններում՝ 2018-թվականին եղել է 848 հազարից մի փոքր ավելի։ Լրագրողների հետ հանդիպմանը նման թվեր ներկայացրեց ԿԸՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Հովակիմյանը։
Բանախոսը նկատեց՝ ընտրողների թիվը նվազել է, քանի որ ընտրացուցակներից հանվում են այն քաղաքացիների անունները, որոնց բոլոր փաստաթղթերը ժամկետանց են եղել։ Օրենսդրական այս փոփոխությունն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարից։
«Փաստորեն Երևանում մոտ 25 հազար ընտրող պակաս ունենք այս փոփոխության արդյունքում»,-ամփոփեց նա։
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկում է սեպտեմբերի 17-ին անցկացվելիք Երևանի ավագանու ընտրութունների առաջադրումների գործընթացը։
Մինչ այս պահը որևէ առաջադրված չկա։ Վ. Հովակիմյանը, վկայակոչելով նախորդ ընտրությունների փորձը, հայտարարեց, որ առաջադրման համար նախատեսված փաստաթղթերը քաղաքական ուժերը հանձնաժողովին ներկայացնում են վերջնաժամկետից մեկ-երկու օր առաջ։
«Կարծում եմ՝ այս անգամ էլ չեն խախտի ձևավորված ավանդույթը»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 13-ը՝ մինչև ժամը 18:00-ն: