«Ժողովուրդ». «Օրենքով գողեր» են կալանքից ազատվել, որ ընտրություններում ՔՊ-ի համար աշխատեն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարող հեղափոխական իշխանությունները վերջերս կալանքից ազատել են մի քանի «օրենքով գողերի», որպեսզի նրանք Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի համար աշխատեն:
Քրեական աստիճանակարգով ամենաբարձր տիտղոսն ունեցող «օրենքով գողերի» մեջ, սակայն, ներքին անհասկացվածություն կա այս թեմայով: Երբ 2018 թվականին Հյուսիսային պողոտայում վիճաբանություն էր եղել նրանց մեծ խմբի միջև, քրեական աստիճանակարգում բարձր տեղ զբաղեցնողները միմյանց խոստացել են, որ այլևս քաղաքական որևէ գործընթացի, որևէ ընտրության չեն մասնակցի:
Եվ հիմա «գողականների աշխարհում» քննարկումներ են. եթե պետք է կանգնել որևէ թեկնածուի կողքին, սատարել որևէ մեկին, նա չի կարող լինել իշխանության թիմից: Ճիշտ կլինի, որպես միակ իսկական երևանցի տղա, քննարկել Վիկտոր Մնացականյանին սատարելու հարցը, որը ամենաապաքաղաքական թեկնածուն է, որևէ կուսակցության հետ չի ասոցացվում, միայն մայրաքաղաքի խնդիրներից է խոսում: Բայց դեռ վերջնական որոշման չեն հանգել այդ աշխարհում, թե որն է ճիշտը:
Հավելենք, որ կալանքից ազատված և տնային կալանքի ռեժիմում գտնվող «օրենքով գողերից» մեկը Սուրեն Ավետիսյանն է՝ լենինականցի Սուրոն, մյուսը՝ Արտյոմ Ղազարյանը՝ «օրենքով գող» Զապի քրոջ որդին, և էլի 2-3 «օրենքով գողեր», որոնց անունները ճշտվում են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում